
ՀՀԿ և ՀՅԴ միջև համագործակցության հուշագրի հետևանքները լրջորեն կանդրադառնան դեռ Հայաստանում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու ճակատագրի վրա, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
Փետրվարի 24-ին Հայաստանի հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն համագործակցության հուշագիր կնքեցին, ինչի շնորհիվ ՀՅԴ-ն երեք նախարարական պորտֆել և երկու մարզպեստի պաշտոն ստացավ:
ՙՀիշյալ փաստաթուղթն, անշուշտ, որոշ իմաստով ՀՀ նորացված Սահմանադրության որոշ դեկլարատիվ դրույթների կրկնություն է: Իսկ միակ հստակ բովանդակային կետը Հայաստանի վարչատարածքային բաժանման վերանայման մտադրությունն է: Կարող եմ ենթադրել, որ վերջիններս, հնարավոր է, մտադիր են այդպիսով Հայաստանին Արցախի ապագա պաշտոնական միացման ուղի նախանշել՚,- նշել է նա:
Վերլուծաբանի կարծիքով, ՀՀԿ-ՀՅԴ հռչակագրի բովանդակությունը հակասում է իրենց իսկ կողմից բարեփոխված Սահմանադրության տառին և ոգուն: Ըստ նրա, նույնիսկ հանրապետությունում վերջին խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների վրա հիմնվելով, որոնց համաձայն՝ ՀՅԴ-ին հազիվ հաջողվեց հաղթահարել 5-% շեմը, պարզ է դառնում, որ քվեարկածների ճնշող մեծամասնությունը դաշնակցականներին չի վստահում:
Այս առումով նա ստորագրված հուշագիրը և ՀՅԴ-ին 3 նախարարական ու 2 մարզպետի պաշտոնների հանձնումը համարում է իշխանության բռնազավթում՝ խստորեն պատժելի օրենքով: Հանդես գալով երկրի քաղաքական կյանքին ակտիվ մասնակցության համար ցանկացած կուսակցության ծանրակշիռ հնարավորություններ ընձեռելու օգտին՝ վերլուծաբանն, այնուամենայնիվ, համոզված է կոռուպցիոն ռիսկեր պարունակող և ընտրազանգվածի թիկունքում իրականացված գործարքի միջոցով դրա իրականացման անհնարինության հարցում:
Մելիքյանը ենթադրել է, որ կրկնակի անգամ գործադիր իշխանությունում ՀՅԴ հայտնվելն ավելի շուտ պայմանավորված է արտաքին հանգամանքներով, մասնավորապես՝ Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում հետևողականորեն խորացող ռազմաքաղաքական ճգնաժամի առկայությամբ:
Այս առումով վերլուծաբանը Հայաստանի գործադիր իշխանությունում քաղաքական ուժի հայտնվելը, որն ունի հստակ և նախապայմաններ պարունակող հակաթուրքական դիրքորոշում, համարում է խիստ պահանջված և օգտակար Ռուսաստանի համար: