
Արմինֆո.Չի բացառվում, որ 2029 թվականի հունվարից հետո Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ռազմական շանտաժի դիմի։ Այդ մասին օգոստոսի 11-ին հայտարարել է APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը՝ վաշինգտոնյան համաձայնագրերի ստորագրման տարեդարձին նվիրված քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ Հայաստանում էր ԱՄՆ բավականին մեծ պատվիրակություն։ Երբ հատուկ խորհրդական Ուիթքոֆին հարցրել են, թե արդյոք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները 100 տոկոսով բացառում են ռազմական գործողությունները, և արդյոք 100 տոկոսով երաշխիքներ են տալիս, որ տարածաշրջանում առաջիկա տասնամյակներին խաղաղություն կտիրի, նա հստակ նշել է, որ այս պահին, հաշվի առնելով նաև, թե ինչպիսի արագ փոփոխվող աշխարհում ենք ապրում բոլորս, ոչ ոք չի կարող 100 տոկոսով որեւէ բան երաշխավորել։ "Հետևաբար, առնվազն 2029 թվականի հունվարից հետո չեմ կարծում, որ կարելի է բացառել, օրինակ, Ադրբեջանի կողմից ռազմական շանտաժի կիրառումը։ Եվ տեսականորեն չի կարելի բացառել նաև Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառումը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքականությանը, ապա նրա ներկայիս դիրքորոշումը հետևյալն է․ անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս ձգձգվի խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Ես վստահ չեմ, որ ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջը նախապայման է, այլ ոչ թե, պարզապես, պատրվակ ՝ խաղաղության համաձայնագիր չստորագրելու համար։ Չեմ կարծում, թե կան հստակ երաշխիքներ, որ, եթե անգամ, մենք ունենանք նոր սահմանադրություն, որտեղ հղում չլինի Անկախության հռչակագրին, ապա Ադրբեջանը հաջորդ օրը կստորագրի խաղաղության համաձայնագիրը և կբավարարվի դրանով, այլ ոչ թե հանդես կգա նոր պահանջներով։ Հետևաբար, Ադրբեջանի նպատակը հետևյալն է. նախ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման ձգձգումը, երկրորդ՝ խաղաղության համաձայնագրի բացակայության օգտագործումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կասեցնելու համար, ընդ որում, Թուրքիային նաև անընդհատ փոխանցվում են Ադրբեջանի ազդակները, որ հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորումը, ներառյալ ցամաքային սահմանի բացումը և երկաթուղու գործարկումը, կարող է տեղի ունենալ բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրումից հետո։ Մենք այս ամբողջ գործընթացն անվանում ենք արատավոր շրջան, կարելի է ասել՝ նոր տերմին ենք դրել շրջանառության մեջ։ Ի՞նչ նկատի ունենք՝ "արատավոր շրջան" ասելով։ Մի կողմից՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի չստորագրի խաղաղության համաձայնագիրը, մյուս կողմից՝ ամեն ինչ անում է, որպեսզի թույլ չտա հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումն՝ առանց ստորագրման։ Այս իրավիճակում մենք չենք կարող խոսել ինստիտուցիոնալացված խաղաղության մասին, քանի դեռ խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել և չի վավերացվել", - հայտարարել է Պողոսյանը