


Անկարայի կողմից «հայկական խաղաթղթի» վերստին խաղարկման ֆոնին Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների վարքագիծը տարբեր միջազգային կազմակերպություններում հիմք է տալիս կարծել, որ Երևանը պատրաստ չէ համարժեք արձագանքել Թուրքիայի նոր քաղաքական մոտեցումներին ու նախաձեռնություններին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Օրինակ, ինձ համար անակնկալ չի լինի, եթե սփյուռքահայերի համակրանքը շահելու համար պայքարում Թուրքիայի նախագահ Էրդողանը դիմի արդյունավետ քայլերի, որոնցից մեկը կարող է լինել ՀԱԵ Աղթամարի ինքնավար կաթողիկոսության վերականգնումը Վանա լճի Աղթամար կղզու հանրահայտ վանական համալիրում, որը վերջերս վերականգնվել էր Թուրքիայի իշխանությունների նախաձեռնությամբ», – նշել է նա:
Վերլուծաբանը նշում է, որ ռուս-թուրքական հարաբերություններում սուր և խորացող ռազմաքաղաքական ճգնաժամի պայմաններում թուրք քաղտեխնոլոգների նման նախաձեռնությունները ժամանակի ընթացքում կարող են որոշակի շահաբաժիններ բերել Անկարային, օրինակ` հայկական սփյուռքի համակրանքը:
Մելիքյանը նշել է, որ հայ համայնքի ֆիզիկական ներկայությունը Թուրքիայուն, գլխավորապես` Ստամբուլում, բավականին երկար ժամանակ Ամկարայի կողմից օգտագործվում էր որպես տեսանելի հակափաստարկ, որը նպաստում էր նրա Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության արդյունավետությանը: Ընդ որում, իրենք` տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն, այդ գործընթացում գրեթե ոչ մի կերպ ներգրավված չեն եղել:
«Սակայն, նախորդ տարի այդ ավանդական քաղաքականությունը ենթարկվեց արմատական վերանայման, և երեք հայեր դարձան Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր: Դա դարձավ հայկական խաղաթղթի նոր խաղարկման սկիզբ արդի աշխարհաքաղաքական գործընթացների պայմաններում: Խաղարկում, որի նպատակը, ըստ երևույթին, ավանդական քաղաքական կողմնորոշման վերանայման և հայերի, ընդ որում, ոչ միայն թուքահայերի, հավաքական գիտակցության մեջ համակրանքի գործընթացների նախաձեռնումն է», - կարծում է վերլուծաբանը:



