
Բոլոր ենթադրյալ կեղծիքների թափանցիկ հետաքննությունը կենսականորեն կարևոր է՝ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման և դրանց օրինականության ապահովման համար։ Այդպիսի կարծիք է հայտնել ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին` 168.am-ում հրապարակված բացառիկ զրույցում։
«Բացի այդ, հարկ է ձեռնարկել համապատասխան միջոցներ, եթե կեղծիքների մասին այս պնդումները հաստատվեն։ ԵՄ-ն ողջունում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի 2016թ. փետրվարի 5-ի վերջնական զեկույցը, և մենք համաձայն ենք զեկույցում ներկայացված, ինչպես նաև՝ նախկինում արված դիտարկումներին և առաջարկություններին, որոնք դեռևս հարկ է հաշվի առնել։ Ընտրական օրենսգրքի բարեփոխումը պետք է իրականացնել համագործակցաբար, և բոլոր շահագրգիռ կողմերին խրախուսում ենք գործադրել բոլոր խելամիտ ջանքերը լայն կոնսենսուս ձեռք բերելու համար։ Իշխանության կողմից հանրային վստահության մակարդակը բարձրացնելու ջանքերն ամրապնդելու համար հարկ է համաձայնության գալ ամենաէական խնդիրների շուրջ, իսկ բարելավված երաշխիքները պետք է նպաստեն արդեն մյուս տարի նախատեսվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականության ավելի բարձր մակարդակի ապահովմանը», - հայտարարել է ԵՄ Բարձր ներկայացուցիչը։
Հայաստանի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԺԻՄԻԳ եզրակացությունում, մասնավորապես, ասվում է. «Հանրաքվեի կազմակերպումը արտացոլում է ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ հանձնարարականների կատարման բացակայությունը, որոնք ներկայացվել էին նախորդ երեք տարվա ընթացքում և առնչվում էին Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական վստահության բարձրացմանը, այդ թվում` ընտրացուցակների հստակեցմանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման կանխարգելմանը, բողոքների ուսումնասիրման և ընտրախախտումների համար պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը»: Ընդ որում փորձագետները նշում են, որ չնայած ընտրացուցակներում հստակություն մտցնելու Հայաստանի ոստիկանության փորձերին, շահագրգիռ կողմերն, այնուամենայնիվ, հրապարակել են ընտրացուցակներում անճշտությունների, այդ թվում` ցուցակներում մահացած մարդկանց անունների առկայության, մեկ հասցեում բազմաթիվ մարդկանց գրանցման վերաբերյալ հաղորդագրություններ: «Հատկապես մտահոգություն է հարուցում այն փաստը, որ ընտրացուցակներում մեծ թիվ են կազմել այն մարդկանց անունները, ովքեր արդեն երկար տարիներ բնակվում են արտասահմանում և քվեարկության իրավուքն ունեն միայն հանրաքվեին ֆիզիկական ներկայության դեպքում», - նշել են ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ փորձագետները: Եզրակացությունում նաև նշվում է, որ պետական պաշտոնյաների կողմից մոբիլիզացվել են մեծ ռեսուրսներ վարչական լծակներն օգտագործելու համար: Միևնույն ժամանակ զեկույցում նշվում է, որ Հայաստանի լրատվական դաշտը համարվում է քաղաքականացված: «Մտահոգություն է հարուցում նաև իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս լրագրողների անվտանգության հարցը», - նշում են փորձագետները: Ընտրատեղամասերում, որտեղ ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ ներկայացուցիչները հետևել են ձայների հաշվարկին, արձանագրվել են լուրջ խախտումներ. բարեփոխումների կողմնակից վստահված անձանց միջամտություն ընտրական գործընթացին, խոչընդոտների հարուցում և ահաբեկում, որոնք, գործնականում, հանգեցնում են քվեարկության արդյունքների փոփոխության: Ավելին, ընդդիմադիր ուժերի ԶԼՄ-ների ներկայացուցիչները հաղորդել են հանրաքվեի ընթացքում բազմաթիվ խախտումների մասին, այդ թվում` կաշառք բաժանելու, քաղաքացիներին ահաբեկելու, ձայների հաշվարկի ընթացքում կեղծարարության մասին: