


Արմինֆո. Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախումբը դատապարտել է Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ հաստատող որոշումը շրջանցելու Թրամփի վարչակազմի ազդակը, որը ճամփա պիտի հարթի Բաքվին ամերիկյան օժանդակությունը շարունակելու համար: Այդ մասին հաղորդում ՀՅԴ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշել է Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, այդպիսով նախագահ Թրամփը շարունակում է անտեսել "Ամերիկան՝ առաջին հերթին" (America First) իր խոստումը՝ կանաչ լույս տալով Ադրբեջանին արտաքին օգնության տրամադրմանը և նավթով հարուստ ամերիկացի հարկատուների փողերն ուղղելով "ցեղասպան բռնապետությանը": "Սա մի ռեժիմ է, որը հայերին պատանդ է պահում, գրավում է Հայաստանի տարածքները, ավերում քրիստոնեական եկեղեցիները և խոչընդոտում բռնի տեղահանված արցախցիների վերադարձին։ Ադրբեջանում կառավարող Ալիևների ընտանիքը, որի կարողությունը հասնում է տասնյակ միլիարդավոր դոլարների, կարիք չունի ամերիկյան ժողովրդի առատաձեռնության և արժանի չէ դրան", - նշել է Համբարյանը։
Բացի այդ, աղբյուրի համաձայն, «Հայ Դատ»-ն աջակցել է ARMENIA Security Partnership Act օրինագծին, որը ներկայացրել են կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսը (հանրապետական, Ֆլորիդա) և Ֆրենկ Փալոնը (դեմոկրատ, Նյու Ջերսի): "Օրինագիծն արգելում է նախագահին շրջանցել նշված պատժամիջոցները, քանի դեռ Ադրբեջանը դուրս չի բերել իր ուժերը Հայաստանի տարածքներից, ազատ չի արձակել բոլոր հայ ռազմագերիներին, չի դադարեցրել թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ և չի ճանաչել Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը", - ասվում է հաղորդագրությունում:
Ըստ աղբյուրի՝ ամերիկահայերը կարող են կոչ անել իրենց կոնգրեսականներին դառնալ դրա համահեղինակը՝ այցելելով կայք հետևյալ հղումով․ https://marchtojustice.org/ArmeniaAct/issue-form/0։



