
Արմինֆո.Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) ինքնավարությունը պետության հզորացման կարեւոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում նման ուղերձ է հղել Ամենայն հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը՝ Էջմիածնում առաջին դատական նիստից հետո, որը չի կայացել դատավորի ինքնաբացարկի պատճառով:
Կաթողիկոսը հիշեցրել է, որ իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու, և եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու ուղղությամբ։ «Սակայն, եկեղեցու ինքնավարությունը ազգի բարօրության, պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում։ Ցավով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ եկեղեցին ու հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների։ Ապօրինի և շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մեր մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի և ազգանվեր ու եկեղեցասեր այլ անձանց նկատմամբ։ Քիչ առաջ վերադարձանք անհիմն և հանիրավի մեղադրանքով նաև մեր և գերագույն հոգևոր խորհրդի անդամ 2 արքեպիսկոպոսի ու 4 եպիսկոպոսի դեմ հարուցված դատավարության առաջին նիստից, որը չկայացավ դատավորի ինքնաբացարկի հայտարարման հետևանքով։ Մենք լի ենք հավատով և վճռականությամբ, սիրելիներ, պաշտպանելու մեր արդար իրավունքները՝ երաշխավորված, ինչպես մեր պետության սահմանադրությամբ, այնպես և միջազգային իրավունքների հիմնարար սկզբունքներով։ Այս գիտակցությամբ և պատասխանատվությամբ, առ ազգն ու հայրենին սիրով մենք շարունակելու ենք մեր տերունապատվեր առաքելությունը՝ հակառակ բոլոր դժվարությունների և արգելքների», - նշել է Գաաաարեգին Բ-ն։
Նա երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր եկեղեցասեր զավակներին, ազգային ու հասարակական կազմակերպություններին, փաստաբաններին, գիտական, կրթական, մշակութային, քաղաքական գործիչներին, որոնք առկա բարդ պայմաններում հաստատակամությամբ ու նախանձախնդրությամբ զորակցում են Մայր եկեղեցուն և նրա ազգօգուտ առաքելությանը։ «Աննկուն պիտի լինենք և միասնաբար համառ ու տևական ջանքեր ներդնենք, որ դադարեն անիրավությունները մեր երկրում, խտրականությունն ու անհանդուրժողականությունը, տարածում չգտնեն չարակամության ու ատելության խոսույթները։ Մենք պիտի համառ ու տևական ջանքեր ներդնենք, որպեսզի հայրենական ու ազգային մեր անդաստանը նորոգվի եղբայրսիրությամբ ու համերաշխությամբ, և մեր կյանքում գերակայեն ճշմարտությունը, օրինականությունն ու արդարությունը, հարգվեն եկեղեցու դարավոր կարգերն ու ավանդույթները, որ չվիրավորվեն հավատացյալների բարեպաշտական զգացումները։ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ լինել սթափ և խոհեմ, չտրվել սադրանքների, նենգամիտ խարդավանքների, ամուր մնալ հավատով, սիրով և հույսով․․․Հավատում ենք, որ մեր սուրբ եկեղեցին Աստծո ողորմությամբ և մեր ժողովրդի անսակարգ նվիրումով ու սիրով պիտի հաղթահարի այս նեղությունները նույնպես, և նոր հաջողություններ ամրագրի իր առաքելության ճանապարհին՝ ի բարօրություն և ի պայծառություն համայն հայոց կյանքի», - ամփոփել է Ամենայն հաայոց կաթողիկոսը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7 - ին, ժամը 16:00-ին պետք է կայանար Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործով առաջին դատական նիստը: Սակայն դատավոր Հակոբ Մանուկյանը, ում նախագահությամբ պետք է տեղի ունենար նիստը, ինքնաբացարկ է հայտնել, եւ նիստը հետաձգվել է։ Դրանից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը Նորին Սրբությանը սատարելու համար դատարանի մոտ եկած քաղաքացիների հետ ուղևորվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: