
ԱրմԻնֆո. Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ պետությունների և կառավարությունների ղեկավարներից՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն իր ուղերձում ընդգծել է. «Մեծ հաճույքով եմ Ձեզ հղում իմ անկեղծ շնորհավորանքները ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր աշխատանքը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարելավմանը, կամրապնդի երկրի միջազգային հեղինակությունը և հետևողականորեն կզարգացնի Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխադարձ կապերը։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, հաջողություններ Ձեր պատասխանատու կառավարական պարտականություններում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։ Իր հերթին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանը իր ուղերձում նշել է. «Մեծ ուրախությամբ իմացա Ձեր վերընտրության մասին ՀՀ վարչապետի պաշտոնում։ Այս առիթով ցանկանում եմ Ձեզ հղել իմ անկեղծ շնորհավորանքները։ Չինաստանը և Հայաստանը երկարամյա ավանդական բարեկամություն են վայելում։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 34 տարի առաջ, երկկողմ հարաբերությունները պահպանել են ամուր և կայուն աճ, իսկ գործնական համագործակցությունը տվել է բեղմնավոր արդյունքներ։ Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ առաջնորդվելով փոխադարձ հարգանքի, փոխադարձ վստահության և փոխշահավետության սկզբունքներով, խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում և անընդհատ հարստացնելու երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության էությունը։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ Ձեր ձեռնարկումներում»։ Միևնույն ժամանակ, Սլովենիայի վարչապետ Յանեշ Յանշան, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին, նշել է. «Ընտրությունների արդյունքները հստակորեն արտացոլում են հայ ժողովրդի հանձնառությունը իրենց երկրի եվրոպական ուղուն: Սլովենիան շարունակում է մնալ Եվրոպական Միության և Հայաստանի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակից: Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության խթանմանն ուղղված Ձեր նշանակալի ջանքերն ու նվիրվածությունը նույնպես գովելի են: Վստահ եմ, որ կբացվեն բազմաթիվ հնարավորություններ մեր հարաբերությունները հետագայում ամրապնդելու համար: Անհամբեր սպասում եմ մեր քաղաքական երկխոսության խորացմանը և երկկողմ համագործակցության ընդլայնմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների: Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունեք իմ խորին հարգանքների հավաստիքը»: