


Արմինֆո. Շվեյցարիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաև երկու կողմերի կողմից ցուցաբերված քաղաքական կամքը՝ տարիներ շարունակ տառապանքներ պատճառած հակամարտությունը հաղթահարելու համար: Այս մասին «ԱզերՏակ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ և Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսը:
«Ես սա ասում եմ որպես Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ: Իմ առաջիկա այցի ընթացքում ես նույն ուղերձը կփոխանցեմ նաև Երևանին»: Շվեյցարիան աջակցում է երկխոսությանը և վստահության ամրապնդմանը: Երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև բանակցություններ են տեղի ունեցել Ժնևում 2022 թվականին, և մենք պատրաստ ենք աջակցել հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, երբ դա կարող է օգտակար լինել: Առևտրի, տրանսպորտային կապերի վերականգնումը և վստահության ամրապնդման այլ միջոցառումները խրախուսելի են: Մենք ակնկալում ենք, որ երկու կողմերն էլ կշարունակեն շարժվել դեպի երկարատև խաղաղություն, որը օգուտ կբերի երկու երկրների ժողովուրդներին: «Ես անհամբեր սպասում եմ դեկտեմբերին Լուգանոյում ԵԱՀԿ նախարարական խորհրդին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին հյուրընկալելուն», - ասաց Շվեյցարիայի արտգործնախարարը։
Նա հավելեց, որ իր երկրի նախագահության ընթացքում քայլեր կձեռնարկվեն ԵԱՀԿ-ն որպես երկխոսության հարթակ ամրապնդելու համար։ «Սա այն քիչ վայրերից մեկն է, որտեղ բոլոր 57 մասնակից պետությունները դեռևս նստած են նույն սեղանի շուրջ։ Լարվածության ժամանակ նման երկխոսության շարունակությունն ինքնին նվաճում է. մեր խնդիրն է օգտագործել այս հնարավորությունը վստահությունը վերականգնելու համար», - ասաց Իգնացիո Կասիսը, որն այժմ այցելում է Բաքու։



