


Թալեաթի և Քեմալի հետևորդներն այժմ ևս մեկ ցեղասպանություն են իրագործում Օսմանյան կայսրության այն ժանակվա տարածքներից ոչ այնքան հեռու: Փետրվարի 25-ին Բեռլինում այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` ելույթ ունենալով Հումբոլդտի համալսարանում «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովում:
«Մեր օրերում Մերձավոր Արեւելքը կանգնած է նույն սպառնալիքների առջեւ, որոնց առջեւ մեկ հարյուրամյակ առաջ կանգնեցին հայերը, հույները եւ ասորիները: Այժմ էլ Թալեաթի եւ Քեմալի հետնորդներն իրականացնում են մեկ այլ ցեղասպանություն Օսմանյան կայսրության երբեմնի տարածքներից ոչ շատ հեռու: Մենք ականատեսն ենք մեկ այլ ցեղասպանության, քանի որ հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը շարունակում է մնալ չճանաչված: Իմ դիտարկմամբ ժխտողականությունը հավասարազոր է հանցագործության իրականացմանը: Նույնը վերաբերում է նաեւ լռությանը:
Հետեւաբար, ես կոչ եմ անում միավորվել հանուն ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման եւ թուրքական ժխտողականության դեմ անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից: Կարծում եմ՝ սա միակ ուղին է բացառելու մարդկության պատմության այս ամոթալի եւ սարսափելի էջի կրկնությունը», - ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:


