
Արմինֆո. Բանակում ինքնասպանությունները տեղի են ունենում, հիմնականում, երեք պատճառով․ խաղադրույքների պարտքեր, ընտանեկան հարաբերությունների խնդիրներ և հերթապահության ընթացքում մարտական դիրքում քնելուց հետո զինվորի նկատմամբ գործադրվող հոգեբանական ճնշում: Այդ մասին հուլիսի 30-ին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վկայակոչելով քննչական մարմինների տվյալները։
Խոսելով վերջին գործոնի մասին՝ նա նշել է, թե, որպես կանոն, հերթապահության ժամանակ զինվորը քնից հետո հայտնվում է հոգեբանական բարդ պայմաններում, քանի որ ծառայակիցները սկսում են անտեսել նրան: Պատճառն, ըստ վարչապետի, այն է, որ նման կերպ զինծառայողը վտանգում է ամբողջ ստորաբաժանման անվտանգությունը: Հայտնվելով մեկուսացման և հոգեբանական ճնշման տակ՝ զինվորականները, նրա խոսքով, ինքնասպանություն են գործում։ Նա ընդգծել է, որ բանակում ինքնասպանությունների 85-90 տոկոսը կապված է հենց այս երեք պատճառների հետ: "Դա ոչ թե ռազմական ղեկավարության մեղքն է, այլ իմ մեղքն է, որ մենք դեռեւս չենք գտել այդ խնդիրների լուծումը", - հայտարարել է Փաշինյանը:
Ընդ որում, նա նշել է, որ հենց այդ պատճառով կառավարության ծրագրում խոսվում է ֆիզիկական և հոգեբանական պատրաստության անհրաժեշտության մասին, սկսած դպրոցից, ինչպես նաև՝ աշխարհայացքի ընդլայնման մասին: Ի վերջո, ինչպես ասել է Փաշինյանը, զինվորը պետք է հոգեբանորեն բավականաչափ կայուն լինի, որպեսզի չքնի մարտական հերթապահության ժամանակ: Իսկ եթե դրանից հնարավոր չէ խուսափել, ապա դիմեք ծառայակիցներին եւ խնդրեք կարճ ժամանակով փոխարինել:
"Ուրախ եմ, որ դուք այդ հարցը տվեցիք, և ես հնարավորություն ունեմ մանրամասն պատմել այդ մասին և այդ տեղեկությունը հասցնել հանրությանը ։ Վստահ եմ, որ դա մեծ մասի համար անհայտ էր", - եզրափակել է նա։
Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն, 2026 թվականի 7 ամիսների ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք: Կազմակերպությունում արձանագրել են, որ նշված 30 դեպքից 11-ը պաշտոնապես դասակարգվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը ՝ չկապված: 2026 թվականին զինծառայողների մահվան բոլոր դեպքերը տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում։ Ավելին, վերջին 2 տարի և 5 ամսվա ընթացքում զինված ուժերում մահվան ոչ մի դեպք չի գրանցվել հրադադարի ռեժիմի խախտումների հետեւանքով, վերջին դեպքը եղել է 2024թ. փետրվարին․ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է «Երկրապահ» կամավորական միության 4 անդամ:-