
Արմինֆո. ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կձեւավորվի այլընտրանք․ կառավարությունը կունենա ժողովրդին հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։ Այդ մասին հուլիսի 30-ին ճեպազրույցում լրագրողներին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա վերստին կրկնել է, որ հանրաքվե անցկացնելու համար, առնվազն, Հայաստանը պետք է դիմեր ԵՄ-ին անդամակցության խնդրանքով կամ ունենար թեկնածուի կարգավիճակ: "Այդ ժամանակ արդեն հանրաքվեի անցկացումը կդառնա անհրաժեշտ և տրամաբանական", - ասել է վարչապետը:
Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշել է, որ դիմել է ՌԴ-ին՝ խնդրելով ըմբռնումով և հարգանքով վերաբերվել ՀՀ-ի նման դիրքորոշմանը, առավել ևս, որ գործնականում մեր լեգիտիմությունը կասկածի տակ չի դրվում։ «Այո, ասում են՝ դուք այլընտրանք ունենալու իրավունք ունեք, բայց այսօր որոշեք, թե որ այլընտրանքն եք ընտրում։ Ես ասում եմ, որ այն դեռ ձևավորված չէ։ Հիմա անազնիվ կլինի ժողովրդի առջեւ չձևավորված այլընտրանքի մասին հարց դնել՝ ուզում եք դա, թե՝ ոչ», - ասել է կառավարության ղեկավարը։
Մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցողը՝ Փաշինյանն ասել է, թե խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկացել է այլընտրանք ունենալ: Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ այսօր ՀՀ-ը ռազմավարական հարաբերություններ ունի Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի հետ, մինչդեռ, մինչ այդ այդքան գործընկերների հետ ռազմավարական հարաբերություններ չեն ունեցել կամ չէին կարող ունենալ:
"Ռուսաստանի դիրքորոշումը հետևյալն է․ կամ բացառիկ հարաբերություններ, կամ դրանք չեն կարող լինել։ Մենք չենք կիսում այդ մոտեցումը և ասում ենք, որ հարաբերությունները բացառիկ չեն, բայց դրանք պետք է լինեն: Դա լեգիտիմ դիրքորոշում է", - ասել է կառավարության ղեկավարը։
Ընդ որում, նա դժգոհություն է հայտնել հնչող այն թեզերի առնչությամբ, թե Հայաստանը լավ կամ վատ գործընկեր է ՌԴ-ի համար։ Այդ առնչությամբ վարչապետը հարց է ուղղել, թե ինչով է Հայաստանի Հանրապետությունը վատ գործընկեր եղել, ինչ է արել, որ 2022 թվականին ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները ։ "Ինչո՞վ էր վատ ՀՀ-ն, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահները չկատարեցին իրենց պարտականությունները։ Հարցը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ընդունված հայտարարությու՞ննէ։ Բայց մինչ այդ էլ եղել են դեպքեր։ Ինչո՞վ էր վատ Հայաստանի Հանրապետությունը։ Ի՞նչ ենք մենք արել, և՝ ու՞մ, որ Բելառուսի նախագահը հայտարարել էչ. "Ու՞մ է պետք Հայաստանը"։ Ինչպե՞ս կարելի է ինքնիշխան երկրի մասին նման ձևով խոսել։ Մեծարգո գործընկեր, Բելառուսի նախագահ, երկար ժամանակ փնտրում էի այս հարցի պատասխանը։ Իսկ հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը․ Չինաստանին, Իրանին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Վրաստանին, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, և այս բոլոր գործընկերները մեզ պետք են",- նշել է վարչապետը։
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել էր, որ, հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, եւ խնդրել էր միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների ս/թ մայիսի 29–ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել էր, որ հանրաքվեի անցկացումը, գործնականում, հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։ Միեւնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանն ընդգծել էր բաց, գործընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը։