
Արմինֆո. Հայաստանը կարող է մնալ ԵԱՏՄ-ում և միաժամանակ դառնալ Եվրոպական տնտեսական գոտու անդամ։ Նման կարծիք է հայտնել "Ռեֆորմիստներ" կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը՝ Facebook-ի իր էջում։
«Միջազգային այս դժվարին տուրբուլենտության պայմաններում Հայաստանը կարող է և ԵՄ-ին և ՌԴ-ին առաջարկել նոր մոդել,որով Հայաստանը կարող է բացառիկ հնարավորություն ստանալ տարածաշրջանում և խուսափել աշխարհաքաղաքական բախումների կենտրոնում հայտնվելու վտանգից:
Այս երկրները օրինակ Եվրոպական տնտեսական գոտու (EEA) անդամ են ,բայց նրանք ԵՄ անդամ չեն, բայց մասնակցում են ԵՄ միասնական շուկային. Նորվեգիա, Իսլանդիա, Լիխտենշտայն։ Կամ, օրինակ, Շվեյցարիան – ԵՄ անդամ չէ և EEA-ի անդամ չէ, սակայն ունի ավելի քան 100 երկկողմ համաձայնագիր ԵՄ-ի հետ, որոնք կարգավորում են առևտուրը, աշխատաշուկան և այլ ոլորտներ։ Ինչ՞ն է խանգարում այս հարցը օրակարգ բերելով մնալ ԵԱՏՄ շուկայում, բայց նաև առաջ շարժվել դեպի եվրոպական շուկա», - հարց է տվել Բաբայանը:
Հիշեցնենք, մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում Հայաստանին առաջարկել է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում ՝ մատնանշելով հարկ եղած դեպքում "քաղաքակիրթ ապահարզան սկսելու" պատրաստակամությունը։ Երևանում՝ ի պատասխան, նշել են, որ ԵԱՏՄ-ն կլքեն, երբ հարկ համարեն ։ Իսկ արդեն մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում Հայաստանից պահանջել են հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ում գտնվելու մասով։ Նույն օրը ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող երկու աթոռի վրա նստել և պետք է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի ընտրության հարցում: Ուշագրավ է, որ դրանից հետո Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել Հայաստանից մի շարք ապրանքների նկատմամբ։
Հավելենք, որ հուլիսի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ հայկական ծագում ունեցող ապրանքների ռուսական շուկա արտահանման սահմանափակումները հակասում են հայ-ռուսական իրավական շրջանակին և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դրույթներին։ Փաշինյանը կոչ էր արել միջոցներ ձեռնարկել այդ հարցերը լուծելու համար։ Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը, ինչպես նշված է ԵԱՏՄ չորս անդամ պետությունների ղեկավարների այս տարվա մայիսի 29-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, Փաշինյանն ընդգծել էր, որ հանրաքվեի անցկացումը, գործնականում, հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնական դիմում ներկայացնի ԵՄ անդամակցության համար և այս հարցը դարձնի առարկայական։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը ընդգծել էր ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ վերոնշյալ խնդիրները լուծելու բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով։