


Արմինֆո. Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել. 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ; 2 անշարժ գույքի գնման իրավունք; 3.084.965 ԱՄՆ դոլարով և 985.190.729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.405.059 դոլարի և 200 միլիոն դրամի ավանդ։ Պահանջը ներառում է նաև 13 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն և այլն, ինչպես նաև 4 իրավաբանական անձի մասնակցության ձեռքբերման արժեքը:
Ներկայացված հայցադիմումով պահանջվում է նաև. 4.025.914 դոլարի, 8.302.016.732 դրամի, 260.452.574 ռուբլիի և 589.741 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք; 2 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 3.822.451.103 դրամին համարժեք գումարով գույքի ձեռքբերման արժեքներ: Գումարային պահանջը կազմում է 19.561.949.303 դրամ, ինչպես նաև 502.359.121 դրամ՝ որպես քրեական գործով վճարված գրավի գումարի ապօրինի մաս:
Նշենք, որ պատասխանողների թվում են Ռոբերտ և Բելլա Քոչարյանները, Սեդրակ Քոչարյանը և Զարուհի Բադալյանը, Լևոն և Սիրանուշ Քոչարյանները, Գայանե Քոչարյանը և Վիգեն Չատինյանը: Գույքի և դրամական միջոցների բռնագանձումը, քննության տվյալներով, չեն հիմնավորվում օրինական եկամուտներով և ունեն ապօրինի ծագում: Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը հերքում է բոլոր մեղադրանքները, հայտարարելով, որ գույքը ձեռք է բերվել ազնիվ ճանապարհով, իսկ դատական գործընթացը քաղաքական բնույթ է կրում:



