
Արմինֆո. Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը Marriott International-ին կոչ է արել Marriott Bonvoy Activities հարթակից հեռացնել օկուպացված Շուշի և Ստեփանակերտ ուղևորությունների վերաբերյալ առաջարկները:
ՀԿ-ի հայտարարության մեջ ընդգծվում է մարդկային ողբերգությունը զբոսաշրջային երթուղու վերածելու անթույլատրելիությունը
«Marriott Bonvoy Activities հարթակի միջոցով օկուպացված Շուշի և Ստեփանակերտ կազմակերպվող զբոսաշրջային այցելությունները խոր մտահոգություն և արդարացի վրդովմունք են առաջացնում։ Այն պայմաններում, երբ ավելի քան 150 հազար արցախահայեր բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից, այդ ողբերգության հետևանքներից առևտրային շահ ստանալը բարոյապես անընդունելի է։
Սրանք պարզապես զբոսաշրջային ծրագրեր չեն։ Դրանք վտանգավոր նախադեպ են ստեղծում՝ բռնի տեղահանության և էթնիկ զտման հետևանքները ներկայացնելով որպես սովորական իրականություն և զբոսաշրջային ուղղություն։ Նման նախաձեռնությունները նպաստում են կատարված անարդարության բնականոնացմանը և հակասում են մարդու իրավունքների, պատմական արդարության և բարոյական պատասխանատվության հիմնարար սկզբունքներին։
Միջազգային ընկերությունները պարտավոր են գիտակցել իրենց պատասխանատվությունը։ Բիզնեսը չպետք է դառնա բռնի տեղահանության և միջազգային իրավունքի խախտումների հետևանքների օրինականացման՝ ուղղակի կամ անուղղակի գործիք։
Կոչ ենք անում Marriott International-ին անհապաղ հեռացնել իր հարթակից օկուպացված Արցախ այցելությունների վերաբերյալ բոլոր առաջարկները և թույլ չտալ, որ իր հեղինակավոր բրենդն օգտագործվի հումանիտար հետևանքների առևտրայնացման համար։ Արցախի ժողովրդի հիշողությունը, արժանապատվությունն ու իրավունքները չեն կարող դառնալ զբոսաշրջային ծառայություն», - ընդգծվում է հայտարարությունում։
Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական գործողության" պատրվակով հերթական ագրեսիայի ակտ էր ձեռնարկել Արցախի նկատմամբ ։ Թշնամական ագրեսիայի հետևանքով հարյուրավոր արցախցիներ վիրավորվել էին, այդ ժամանակ հաղորդվել էր ավելի քան 200 զոհի մասին, այդ թվում ՝ խաղաղ բնակիչների: Սեպտեմբերի 20-ին Արցախն ընկավ։ Ադրբեջանը սկսել էր ԼՂՀ բռնակցումը։ Բացի այդ, սեպտեմբերի 20-ի ուշ երեկոյան հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը նպատակաուղղված գնդակահարել է ռուսական խաղաղապահ զորակազմի երկու մեքենա, զոհվել էր 6 մարդ: Սեպտեմբերի 22-ին մեկնարկել էր Արցախի Պաշտպանության բանակի լուծարման գործընթացը: Սեպտեմբերի 21-24-ը որոնողական աշխատանքների ընթացքում ԼՂՀ ՆԳՆ-ն հայտնաբերել էր 105 արցախցու, այդ թվում ՝ դաժանաբար սպանված երեխաների և ծերերի մարմիններ: Այսօր Արցախն ամբողջությամբ հայաթափված է, նրա ողջ բնիկ բնակչությունը ՝ ավելի քան 100 հազար մարդ, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի ներքո ստիպված էր փախչել Հայաստան։
2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայից հետո, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի ամբողջական էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցիներ դարձան անօթևան։ Արցախի բռնակցումից հետո ադրբեջանական կողմն ակտիվորեն զբաղված է այդ հողերում հայկական հազարամյա ներկայության ոչնչացմամբ։