
Արմինֆո. «Արթուր Թարխանյան կենտրոն» թանգարանը խստորեն դատապարտում է ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանելու և դրա պահպանության իրավական կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ։
Ինչպես հիշեցրել են թանգարանի մամուլի ծառայությունում, Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը հայկական ժամանակակից ճարտարապետության լավագույն նմուշներից մեկն է, որը լայն ճանաչում է ստացել միջազգային հանրության շրջանում։
«Այս եզակի կառույցի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել՝ ընդգծելով դրա բացառիկ ճարտարապետական արժեքն ու նշանակությունը։ Աշխարհում պահպանվել են ընդամենը յոթ նմանատիպ օդանավակայաններ, որոնք գտնվում են պետության հոգածության ներքո՝ որպես ճարտարապետական և մշակութային ժառանգության կարևոր նմուշներ, նույնիսկ այն դեպքում, երբ այլևս չեն շահագործվում։
Կրկին ընդգծում ենք, որ Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը հնարավոր է վերագործարկել՝ համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին։ Մեր համոզմամբ՝ ավելի փոքր ներդրումներով և ավելի կարճ ժամկետներում հնարավոր է ապահովել օդանավակայանի թողունակության զգալի աճ՝ ավելացնելով այն մինչև երեք անգամ և համալրելով ևս 10 գեյթով։
Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը վերանայել Զվարթնոց օդանավակայանի զարգացման մաստեր պլանը և, առաջնորդվելով օրենսդրության պահանջներով, պահպանել Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը՝ որպես հայկական ճարտարապետական և մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ», - ասվում է թանգարանի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ դեռ 2013 թվականին "Հայկական միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որ "Զվարթնոցի" հին շենքը վտանգ է ներկայացնում շրջապատի համար և չի համապատասխանում աերոնավիգացիայի ժամանակակից ստանդարտներին: Կլոր շենքի քանդման նախագիծը խիստ քննադատության էր արժանացել ճարտարապետների շրջանում, ովքեր նշում էին, որ շենքը պատմական արժեք է ներկայացնում: 2015 թվականին կոնցեսիոները ներկայացրեց նոր նախագիծ, որը ենթադրում էր "Զվարթնոցի" հին մասնաշենքի մասնակի պահպանում ։ "Զվարթնոց" օդանավակայանի հին համալիրի օղակաձև էստակադայի ապամոնտաժման թույլտվությունը "Հայկական միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ին Երևանի քաղաքապետարանը տվել էր 2015 թվականի դեկտեմբերի 24-ին: Սակայն բողոքի ալիքի պատճառով իշխանությունները հայտարարել էին քանդման վերաբերյալ վերջնական որոշման բացակայության մասին ։
Մինչդեռ հայ ճարտարապետների դիրքորոշումը մնում է անփոփոխ․ "Զվարթնոցի" հին մասնաշենքը պետք է ամբողջությամբ պահպանվի։ Մասնավորապես, նշվում է, որ այդլ շենքը՝ Հայաստանի ռազմավարական նշանակության այլ օբյեկտների (ԱԷԿ, մի շարք ՀԷԿ-եր, Արփա-Սևան թունել) հետ միասին, կառուցվել է անվտանգության խիստ կանոնների պահպանմամբ և կարող է դիմակայել 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին: