


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման հստակ ժամկետ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
"Ոչ, հստակ ժամկետներ չեն նշվել", - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը, պատասխանելով հարցին, թե արդյոք Փաշինյանը հայտնել է, թե ինչ ժամկետներում կարող է անցկացվել հանրաքվեն:
"Սակայն, այնուամենայնիվ, ընդգծվել է նման հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը։ Դա շատ կարեւոր է", - ըստ ՏԱՍՍ-ի՝ ընդգծել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել էր, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։ Փաշինյանը խնդրել էր միջոցներ ձեռնարկել՝ այդ խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների ս/թ մայիսի 29–ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել էր, որ հանրաքվեի անցկացումը, գործնականում, հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։ Միեւնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանն ընդգծել էր բաց, գործընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը։



