
Արմինֆո.Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, մեր ժամանակների նշանավոր երաժիշտներից մեկի՝ աշխարհահռչակ ջութակահար,Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ ելույթ կունենա Սյունիքի մարզում:
Համերգները տեղի կունենան հուլիսի 29-30-ը Մեղրիում, Կապանում և Գորիսում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատների աջակցությամբ:
Հանդիսատեսին կներկայացվի հագեցած համերգային ծրագիր, որում ընդգրկված են Մաքս Բրուխի Ջութակի և նվագախմբի համար սոլ մինոր թիվ 1 կոնցերտը ՝Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ, ինչպես նաև Արամ Խաչատրյանի "Դիմակահանդես" նվագախմբային սյուիտը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ:
Հյուրախաղերը նշանակալի մշակութային իրադարձություն կդառնան Սյունիքի համար՝ մարզի բնակիչներին հնարավորություն ընձեռելով ունկնդրել համաշխարհային մակարդակի երաժիշտների կատարումները և ըմբոշխնել դասական երաժշտության գլուխգործոցները Հայաստանի առաջատար երաժշտական կոլեկտիվնրից մեկի կատարմամբ:
"Այս առաքելությունն ուղղված է Հայաստանի և Սփյուռքի ներկայացուցիչների ջանքերի միավորմանը՝ աջակցելու մշակութային և հասարակական նշանակալի նախաձեռնություններին", - ասվում է ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
"Ինձ համար մեծ պատիվ և մեծ ուրախություն է հանդես գալ իմ Հայրենիքում, իմ ժողովրդի առջև ։ Ես շատ սրտացավ եմ վերաբերվում Հայաստանին և միշտ առանձնահատուկ հուզմունքով եմ վերադառնում այստեղ ։ Ուրախ եմ, որ ինձ այստեղ սիրում և սպասում են։ Արտիստի համար հարազատ հողի և քեզ աջակցող մարդկանց հետ այդ կապից ավելի կարևոր բան չկա", - նշել է Սերգեյ Խաչատրյանը։
Իր հերթին ՀՖՆ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշել է, որ Հայաստանի մարզերում հյուրախաղեր կազմակերպվում են պարբերաբար: "Մեզ համար շատ կարևոր է, որ երկրի բոլոր մարզերի բնակիչները հնարավորություն ունենան առնչվել դասական երաժշտության հետ և իրենց կտրված չզգան մշակութային կյանքից: Ես անկեղծորեն երախտապարտ եմ նվագախմբի երաժիշտներին՝ այդ ուղևորություններին մասնակցելու պատրաստակամության համար, ինչպես նաև շնորհակալ եմ մեր գործընկերներին ՝ հյուրախաղերի կազմակերպման հարցում աջակցության եւ օժանդակության համար", - հավելել է նա։
Neo metals company պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը նշել է, որ ձեռնարկությունը միշտ պատրաստ է աջակցել մշակութային նշանակալի նախաձեռնություններին: Նրա խոսքով՝ կոմբինատը հետևողականորեն ծրագրեր է իրականացնում միջազգային մակարդակի մշակութային գործիչների մասնակցությամբ, քանի որ կարևոր է համարում արվեստի ականավոր ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա:
"Այսօր, առավել քան երբևէ, մեր երկիրն աջակցության, միասնության և համախմբման կարիք ունի։ Այդ իսկ պատճառով այս նախագիծը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Դրան մասնակցում է մեր հայրենակից, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, ով իր արվեստով գերել է աշխարհի լավագույն համերգային բեմերը, սակայն երբեք չի կորցրել կապը Հայրենիքի հետ և մշտապես ուշադրություն է հատկացրել նրան:
Այս նախագիծը միավորում է մարդկանց, քանի որ երաժշտությունը համամարդկային լեզու է, որը բոլորը հասկանում են: Սա լեզու է, որով մարդիկ լսում և հասկանում են միմյանց", - ասել է Գրիգորյանը։