


Արմինֆո. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ապօրինի է ճանաչել "Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանին պատկանող "Արմատ Մեդիա" լրատվական գործակալությունում կատարված խուզարկությունը: Այս մասին Facebook-ի իր էջում հաղորդել է փաստաբան Լիաննա Գասպարյանը:
"Ընտրություններից ընդամենը երկու օր առաջ, ընտրական այդ վճռորոշ փուլում խափանեցին «Արմատ Մեդիա» լրատվականի գործունեությունը, սահմանափակելով ոչ միայն լրագրողների աշխատանքը, այլև հասարակության ազատ բազմակողմանի և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կատարված խուզարկությունը ճանաչեց ապօրինի՝ արձանագրելով Ալեքսան Ալեքսանյանի իրավունքները խախտման փաստը։ Մամուլը լռեցնելով՝ հնարավոր չէ լռեցնել ճշմարտությունը", - գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ ուժայինները ներխուժել էին լրատվական գործակաալություն այն բանից հետո, երբ ձերբակալվել էր Ալեքսան Ալեքսանյանը։ Ինչպես այն ժամանակ հաղորդել էր գործակալության խմբագիր Նելլի Ավետիսյանը, ուժայինները վերցրել էին մոնտաժողների համակարգիչները, որտեղ, նրա խոսքով, պահվում էին նկարահանումների տեսագրությունները ։ Մասնավորապես, համակարգիչները պարունակում էին նյութեր և հետազոտություններ "300 000 ադրբեջանցիների Հայաստան վերաբնակեցման" ռիսկի վերաբերյալ։ Այդ առնչությամբ նա համոզմունք էր հայտնել, որ խուզարկություններն իրականացվել են, որպեսզի իրենք չկարողանան այդ տեղեկատվությունը ներկայացնել հանրությանը՝ երկրում խորհրդարանական ընտրություններից առաջ:



