


ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում Մակրոնը կրկին շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ ապագա գործունեության մեջ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգի հարցերը՝ հաստատելով երկկողմ հարաբերությունները հետևողականորեն զարգացնելու և համագործակցությունը ընդլայնելու փոխադարձ պատրաստակամությունը։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մակրոնին Ֆրանսիայի կողմից Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին շարունակական աջակցության համար։ Նա նաև ընդգծել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման և Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության խորացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Այս համատեքստում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Կողմերը փոխադարձաբար ընդգծել են Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հաստատման կարևորությունը։



