
Արմինֆո. Առինջի 3.5 հա մակերեսով հողամասի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքն ու առողջությունը։ Այդ մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Նշվում է, որ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հունիսի 5-ին նշանակվել է համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է 2026 թվականի հունիսի 10-ին:
«Համաձայն փորձագետի եզրակացության՝ Աբովյան համայնքի գյուղ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասը փաստացի համադրվում է 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի զբաղեցրած և այդ գծի անվտանգության համար նախատեսված հողամասի հետ, բացի այդ, գտնվում է «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 15.1-ին հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտու տարածքում:
Փորձագետը հանգել է այն հետևության, որ գյուղ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասի օտարման գործընթացը կազմակերպվել է առանց հաշվի առնելու տվյալ ժամանակահատվածում գործած ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված պահանջները։
Փորձագետը փաստել է նաև, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցները գտնվում են (կառուցված են) բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում, ինչպես նաև Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտիներում։
Այսպիսով, հաշվի առնելով, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա որոշ ինքնակամ կառույցներ, ավտոկայանատեղին և դրան կից առևտրի տաղավարների մի մասը փաստացի անմիջականորեն գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ և դրանց հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար, անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կնիքվել են», - ասվում է ՔԿ հաղորդագրությունում։
Նշենք, որ այսօր "Բարգավաճ Հայաստան" կուսակցության կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող "Առինջ մոլ" առևտրի կենտրոնի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Իրավապահները կնքել են առևտրի կենտրոնի տաղավարների մի մասը։
Ինչպես լրագրողների հետ զրույցում պատմել է ցուցարարներից մեկը, իրենց տեղեկություններով, տաղավարները կնքված են, իբր, առեւտրի կենտրոնի մոտ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի առկայության պատճառով: Հավաքվածներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ այդ էլեկտրահաղորդման գծերը վաղուց են այնտեղ, իսկ հարցը միայն հիմա է բարձրացվում։ Դրա պատճառով, ինչպես նշել են ակցիայի մասնակիցները, նրանք մնացել են առանց վաստակի, ավելին, նրանք կարող են զրկվել աշխատողներից։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանին ձերբակալել և տեղափոխել էին ՀՀ քննչական կոմիտե: Նա մեղադրվում է խարդախություն կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու (լվանալու) մեջ։ Քննության վարկածով՝ 2022-2024 թվականներին նրա ղեկավարությամբ գործող խումբը Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման պատրվակով Իրանի քաղաքացիների մասնակցությամբ ստեղծել է համատեղ իրավաբանական անձինք, որից հետո իրականացրել է խարդախ սխեմա ՝ պատճառելով ավելի քան 21 մլն դոլարի վնաս ։ Բացի այդ, Գագիկ Ծառուկյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի որսի համար: Հուլիսի 7-ին դատարանը բավարարել է Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու մասին մեղադրող կողմի միջնորդությունը։ Գործի շրջանակներում հուլիսի 6-ին իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել Ծառուկյանի հետ կապված ավելի քան 70 հասցեներում: Դրանից հետո բոլոր ձեռնարկությունների դռները կապարակնքվել են։
Նշենք, որ հուլիսի 16-ին Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Ծառուկյանի Արարատի ցեմենտի գործարանը պետության վերահսկողությանը հանձնելու իրենց հայցը: Ծառուկյանի գործարանի ազգայնացման գործընթացը սկսվել էր այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ սպառնացել էր ազգայնացնել Գագիկ Ծառուկյանի բիզնեսը: Հուլիսի 16-ին հայտնի դարձավ նաև, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող "Մուլտի Վելնես" ընկերության շենքը հանձնվել է Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:-