
Արմինֆո. Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ի դեմս Սուրեն Պապիկյանի, ԶՈՒ ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համար:
«Երկրորդ օրն է Պաշտպանության նախարարությունը քար լռություն է պահպանում 20 ամյա զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով։ Զինծառայողի մահվան առաջին պատասխանատուն ՊՆ- ն է՝ Պնախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Որևէ բացատրությամբ, պարզաբանմամբ մինչ այս պահը նախարարը հանդես չի եկել , այցելել է նախարարը զորամաս, տեղում պարզելու, թե ինչու և ինչպես է դեպքը տեղի ունեցել, վստահ եմ, որ ոչ։
Սա պատասխանատվությունն է զինծառայողի կյանքի, նրա ընտանիքի և մեր հանրության առջև։ Նախարարը շատ ստերիլ է իրեն պահում մահվան դեպքերի հետ կապված։ Տարեվերջին ամփոփելով մահվան դեպքերը նա աշխատում է նվազ թվեր ցույց տալ, իսկ իրական նվազ թվերի համար պայքար չկա։
Մամուլում շրջանառվող «ինքնասպանության» վարկածն անընդունելի է ինձ համար։ Մամուլը առավելագույնը կարող է տեղեկանալ զինծառայողի մահվան դեպքի, բայց ոչ մահվան հանգամանքների մասին։ Շատ անգամ հենց իրավապահ մարմիններն են այսպիսի վարկածներ նետում մամուլ, որ հետո հիմք հանդիսանա իրենց առաջ քաշած »ինքնասպանության» վարկածի համար։ Իսկ «ինքնասպանության» դեպքերը բանակում, հիմնականում, սպանություններ են, որոնք չեն բացահայտվում։
Հարգելի գործընկերներ այդքան հեշտությամբ մի գրեք ինքնասպանությունների մասին։ Խորապես ցավակցում եմ լուսավոր երիտասարդի՝ Նարեկի ընտանիքին, հարազատներին», - գրել է Ալեքսանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Այսօր հայտնի է դարձել, որ հուլիսի 21-ին Ն զորամասում մահացած զինծառայողը ՀՌՀ ուսանող Նարեկ Թորոսյանն է:
Ուշագրավ է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում մահվան փաստի մասին ոչինչ չեն հաղորդել: Իսկ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ի սկզբանե ընդհանրապես բացակայում էր որևէ տեղեկություն, բացի ոչ մարտական մահվան փաստից և քրեական գործի հարուցումը, իսկ հետո հայտնվեցին միայն զոհված զինծառայողի անվան սկզբնատառերը: Սա վրդովմունք է առաջացրել հայ հասարակության շրջանում ՝ այն առնչությամբ, որ անորոշ վիճակի մեջ է դրել այժմ ծառայության մեջ գտնվող տղաների ծնողներին, և նրանց անվան սկզբնատառերը կարող էին համընկնել զոհվածի սկզբնատառերի հետ ։ Նախկինում, որպես կանոն, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում հրապարակում էին զոհվածի անունը, ազգանունը և հայրանունը։
Մինչդեռ, ըստ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների, զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել։ Ավելին, դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա առաջին անգամ դուրս է եկել մարտական դիրքերում հերթապահության, ինչը նրան դրդել է ինքնասպանություն գործել։ Բայց, որպես կանոն, նման միջադեպերը կանխամտածված սպանություն են։ Նշվում է, որ գործի շրջանակներում սպասվում է երկու կասկածյալի ձերբակալում, որոնք Ճամբարակի նույն զորամասի զինծառայողներ են: