


Արմինֆո. 2026 թ. հուլիսի 22-ին Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Նիկոլա Նիկոլովը հանդիպել է Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի երկարամյա տնօրեն, ականավոր ռեժիսոր, օպերային ոլորտի ղեկավար և մանկավարժ ակադեմիկոս, պրոֆեսոր Պլամեն Կարտալոֆի հետ՝ քննարկելու Բուլղարիայի և Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնների միջև կապերն ամրապնդելուն ուղղված դեսպանության նախաձեռնությունը։
Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում դեսպան Նիկոլովը Պլամեն Կարտալոֆին տեղեկացրել է համագործակցելու՝ Հայաստանի հաստատված ցանկության վերաբերյալ։ Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև մշակութային կապերն ամրապնդելու անհրաժեշտությունը։ Մաեստրո Կարտալոֆը դեսպան Նիկոլովի հետ քննարկել է ապագայում համագործակցության հուշագիր ստորագրելու գաղափարը՝ նպատակ ունենալով հիմք դնել մշակութային փոխանակումների և համատեղ գործունեության համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մշակույթն ու արվեստը, համատեղ բեմադրությունները, ստեղծագործական փոխանակումները, ինչպես նաև երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օպերային և բալետային նախագծերի իրականացմանն ուղղված այլ նախաձեռնություններ։
Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարության անունից դեսպան Նիկոլա Նիկոլովը հրավիրել է Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչներին՝ սեպտեմբերի 22-ին՝ Բուլղարիայի Հանրապետության անկախության օրը, ելույթ ունենալ Երևանում, ինչն ընդունվել է երախտագիտությամբ և ապագայում բազմաթիվ համատեղ նախաձեռնությունների ակնկալիքով։
Դեսպան Նիկոլովը և մաեստրո Կարտալոֆը քննարկել են նաև Սոֆիայի օպերայի և բալետի հարուստ ծրագիրը, ինչպես նաև թատրոնի գործունեությանն ուղղված միջազգային բարձր գնահատանքն ու Վագների ստեղծագործությունների բեմադրման գործում Բուլղարիայի արձանագրած հաջողությունները։



