
Արմինֆո.Ակնհայտ է, որ "Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունն ինքնին իրավունքի և Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է:
Այդ մասին հայտարարել է Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր և կառավարող գործընկեր, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ։
"Նարեկ Կարապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին կարդալիս ակամայից հիշում եմ Կաֆկային։ Նրա վեպերում ամենասարսափելին այն է, թե ինչպես էր ակնհայտ անհեթեթությունը ներկայացվում որպես նորմալ, բնական ընթացակարգ: Նույն վարքագիծն այսօր դրսևորում են նաև Նիկոլ Փաշինյանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և դատախազությունը: Ինձ համար ակնհայտ է, որ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունն ինքնին իրավունքի և Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է", - Facebook-ի իր էջում գրել է փաստաբանը:
Նա արձանագրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժել է ոչ թե օրենքի նկատմամբ հարգանքից ելնելով, այլ այն պատճառով, որ դա չի տեղավորվում իր կողմից սահմանված անօրինականության սահմաններում:
Ամստերդամը հավելել է, որ Հայաստանի ԿԸՀ-ը, կանաչ լույս վառելով Կարապետյանին մեղադրանք առաջադրելու համար, խախտել է խորհրդարանական անձեռնմխելիության երաշխիքները՝ դատական գործընթացը վերածելով քաղաքական հրամանների կատարման գործիքի: "Սա իրավագիտություն չէ, սա սովորական քաղաքական վախ է ։ Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ Նարեկ Կարապետյանն իր ակտիվությամբ դառնում է խորհրդարանում ընդդիմության առանցքային առաջնորդը և, հետևաբար, կորցնում է ինքնատիրապետումը: Ակնհայտ է նաև, որ Փաշինյանը կանգ չի առնելու. վախեցած կառավարությունը պատրաստ է դիմել ցանկացած ապօրինության: Բայց պատմությունը ցույց է տալիս, որ ոչ մի կառավարություն, որն իր ժողովրդին անհեթեթություն է պարտադրում և օրենքը խաղալիք է դարձնում, չի կարող երկար գոյատևել, ի վերջո, ինքն էլ կխեղդվի անօրինականության ճահճում, որն էլ հենց ինքն է ստեղծել", - ամփոփել է Ամստերդամը։
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին փաստաբան Արամ Վարդևանյանը հաղորդել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ: Միաժամանակ, փաստաբանը հիշեցրել էր, որ խորհրդարանի պատգամավորներն օժտված են լրացուցիչ անձեռնմխելիությամբ ։ Նա համոզմունք էր հայտնել, որ Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու փորձը քաղաքական աբսուրդի եւ հետապնդման դրսեւորում է, որը նպատակ ունի խաթարել նրա գործունեությունը Հայաստանի խորհրդարանում: Հուլիսի 22-ին ԿԸՀ-ը համաձայնություն էր տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուն, սակայն մերժել էր նրան ձերբակալելու թույլտվություն տալու միջնորդությունը: