
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է քաղաքաշինության ոլորտում համապատասխան ստորաբաժանումների բացթողումներին՝ հատուկ նշելով Ամիրյան 2-ի դեպքերը: Քաղաքապետը մասնավորապես պահանջել է պարզաբանել փետրվարի 20-ին մայրաքաղաքի Ամիրյան 2 հասցեում մեկնարկած երկհարկանի շինության ճակատային հատվածի ապամոնտաժման շուրջ առաջացած աղմուկն ու հստակեցնել խնդիրը:
«Այնպիսի տպավորություն է, թե վերջին շրջանում քաղաքային իշխանության համապատասխան ծառայություններն ընդհանրապես չեն կարողանում ճիշտ աշխատել, ինչն իր հերթին բերում է հանրության արդարացի դժգոհությանը: Մայրաքաղաքի հուշարձան շենքերի և, առհասարակ, հին Երևանի պահպանման հարցում մեր համաքաղաքացիների կողմից վստահության ակնհայտ պակաս կա քաղաքային իշխանությունների նկատմամբ, ինչը կարող եմ գնահատել որպես ձեր խիստ թերի աշխատանքի հետևանք: Ու այս մասով մենք շատ անելիք ունենք, որպեսզի կարողանանք վերականգնել մեր համաքաղաքացիների վստահությունը: Իսկ դրան հնարավոր է հասնել բացառապես համապատասխան ծառայությունների կոշտ դիրքորոշման և ակտիվ գործունեության շնորհիվ՚,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետին զեկուցվել է, որ արտաքին գործերի նախարարության շենքից դեպի ձախ գտնվող, 1896 թվականին կառուցված արական գիմնազիայի երկհարկանի հուշարձան շենքի պահպանված ճակատամասին կից 1980-ական թվականներին կառուցվել է երկհարկանի կցակառույց, որը չհանդիսանալով հուշարձան շենքի մաս, նախանշվել է որպես ապամոնտաժման ենթակա հատված:
Պատասխանատուները նաև նշել են, որ հուշարձան չհանդիսացող կցակառույցի պահպանման հարցը բազմիցս քննարկվել է մասնագիտական շրջանակներում, այդ թվում՝ ՀՀ մշակույթի նախարարությունում, և հուշարձան շենքի ճակատային մասի ընդգծման և արժևորման նպատակով, հավանություն է տրվել ապամոնտաժել հուշարձան չհանդիսացող կցակառույցի հատվածը: Նաև նշվել է, որ այս պահին տվյալ աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են, մինչև հարցը լրացուցիչ ևս մեկ անգամ քննարկվի մշակույթի նախարարության հետ:
Ներկայացված պարզաբանումն, այնուամենայնիվ, չի գոհացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով նկատել է, որ հանրությանը պետք է նախապես իրազեկել Երևանում իրականացվող քաղաքաշինական այս կամ այն լուծումների մասին՝ տարընկալումներից զերծ պահելով իրականացվող գործընթացները:
«Շատ դեպքերում այսօր ի հայտ են գալիս տարիների ընթացքում կուտակված խնդիրներ և այդ մասին պետք է հստակ տեղեկացնել հանրությանը: Քաղաքաշինության մասով բոլոր խոշոր ներդրումային ծրագրերը պետք է ներկայացվեն հանրային քննարկման, իսկ քաղաքաշինական փաստաթղթերը պետք է տրվեն ավելի հստակեցվածե, - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու ավելացրել, որ մասնավորապես Ամիրյան 2 հասցեի հուշարձան շենքի հետ կապված որևէ ոտնձգություն թույլ չի տրվելու, իսկ նման փորձ կատարողներն էլ կենթարկվեն պատասխանատվության:
Ավելացնենք, որ հասարակությունը բազմիցս մտահոգություն է հայտնում XIX վերջին –XX սկզբին կառուցված հին շենքերի ճակատագրի առնչությամբ: Դրանցից շատերը Երևանի ակտիվ կառուցապատման ընթացքում հողին են հավասարեցվել, ինչի մասին են վկայում լուսանկարները և տեսանյութերը:
Ընթացիկ տարվա սկզբին խիստ քննադատության ենթարկվեց Արամի-30 հասցեում հին շենքի քանդումը: Չնայած այն բանին, որ այն պահպանվող հուշարձան չէր հանդիսանում՝ հասարակության ճնշման ներքո որոշվեց վերականգնել այն ՙՀին Երևան՚ նախագծի շրջանակներում:
Հիշյալ նախագիծը ենթադրում է XIX վերջի –XX սկզբի Հայաստանի մայրաքաղաքի ճարտարապետական տեսքի վերականգնում: Ծրագրի իրականացման վայրը Գլխավոր պողոտայի հատվածներից մեկն է
Ավելի վաղ հայտնվել էր, որ «Ֆրանկ Մյուլլեր՚ ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը պատրաստվում է շուրջ $150 մլն ներդնել նախագծում: