


Արմինֆո. Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը ռազմական ոստիկանությունում ընդունել է Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի գլխավորած պատվիրակությանը, որը եռօրյա այցով Հայաստանում է՝ ռազմական ոստիկանության ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության զարգացման նպատակով։
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում, վերահաստատելով նախորդ տարվա հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները, կողմերը ներկայացրել են իրենց ստորաբաժանումների կառուցվածքը, գործառույթներն ու գործունեության առանձնահատկությունները, քննարկել համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները։
Այնուհետև պատվիրակության անդամները շրջայց են կատարել ռազմական ոստիկանության տարածքում։ Շրջայցի ավարտին «Եղևնիների պուրակում» երկու կառույցների ղեկավարները միասին եղևնի են տնկել՝ որպես Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունների միջև շարունակական համագործակցության և բարեկամության խորհրդանիշ։



