


Չնայած վաղաժամ հավաստումներին, որ Թուրքիայի ղեկավարությունը խելքը կորցրել է և անպայման պատերազմի մեջ կներքաշվի՝ արդեն ակնհայտ է, որ Անկարայի խիստ տարօրինակ քաղաքականությունը կարող է անակնկալների հանգեցնել, համոզված է Անկարայի ՙԻփեք՚ համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Գոխան Բացիքը:
ՙՀաշվի առնելով, որ Սիրիայում իրադարձությունների ելքն անձնական գոհատևման խնդիր է Ռեջեփ Էրդողանի համար՝ ոչինչ չի կարելի բացառել: Այնուամենայնից, Թուրքիայի համար այսուհետ չի կարող լիենլ բարենպաստ սցենար: Մեր երկիրն արդեն բախվել է բազմապլան աղետի, իսկ կատարվածի մասշտաբն այժմ գերազանցում է դժվարությունները հաղթահարելու Թուրքիայի կարողությունը՚,- գտնում է թուրք պրոֆեսորը:
Ինչպես հայտնում է Washington Post-ը, Բացիքի խոսքով, Թուրքիայի նախագահը հասցրել է այնքան խնդիրներ ստեղծել իր երկրի համար, որ հիմա դրանց կարգավորումն անհավանական բարդ է թվում, եթե ընդհանրապես հնարավոր է:
Եվ նման չմտածված, արկաշախնդրային քայլերի հետևանքով Թուրքիայի համար սկսվել է իսկական ՙռազմավարական մղձավանջ՚, ինչի արդյունքում թուրքական քաղաքներում տեղի են ունենում ահաբեկչական գործողություններ, սահմանին ստեղծվել է խիստ վտանգավոր իրավիճակ, իսկ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները ցուցադրաբար անտեսում են Անկարայի օգնության խնդրանքները, ասել է թուրք պրոֆեսորը:



