


Արմինֆո. ՀԱԵ Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման։ Այդ մասին հաղորդել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Այս անգամ որոշումը կայացրել է դատավոր Էմմա Ավագյանը, որով հաստատվել է Մակար եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։ Մասնավորապես, բավարարելով բողոքը, Դատարանն արձանագրել է, որ Մակար սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնովորման, որի արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները», - գրել է Ֆանյանը՝ Facebook-ի իր էջում։ Հուլիսի 18-ին Ֆանյանը հաղորդել էր Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Հիշեցնենք, որ ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Հովնան Հակոբյանն ու Մակար Հակոբյանը մեղադրյալի կարգավիճակում էին Արման (Գևորգ) Սարոյանի գործով, ով նախկինում ղեկավարել է Մասիացոտնի թեմը և Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ է հռչակվել:



