
Արմինֆո. Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում։ Նա ամենավրդովեցուցիչ, անպատկառ ձևով բռնաճնշումների է ենթարկել ընդդիմությանը։ Իսկ հիմա մեզ օգտագործում է սեփական դավաճանության դիմաց վճարելու համար, այսինքն, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից Եվրոպական միություն անցնելու և Արևմուտք տեղափոխվելու համար։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ "Բիզնես Օնլայն"-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում ոչ բոլորն են հասկանում կատարվածի իմաստը ։ Եկատերինբուրգ կատարելիք առաջիկա այցը Փաշինյանը կօգտագործի ապացուցելու համար, որ Ռուսաստանը գնալու տեղ չունի, որ իրեն ամեն ինչ կարելի է։ Իրականում՝ մեր հարաբերությունների ներքին բովանդակությունն արդեն այլ է։ Ուզում եմ նշել, որ, եթե ուշադրություն չդարձնենք առանձին չլիազորված անձանց, մենք չենք ճանաչել Հայաստանի ընտրությունները, չենք շնորհավորել նրանց։ Մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանում իշխանությունը հիմա լեգիտիմ չէ, թեև, ես կցանկանայի, որ դա ավելի վճռական ասվեր։
"Նրանց հետ, ովքեր ուզուրպացրել են այնտեղ իշխանությունը, մենք, իհարկե, ստիպված ենք հանդիպել ինչ-որ ձեւաչափերի շրջանակներում ՝ ԱՊՀ, Եվրասիական միություն։ Բայց մենք պետք է հասկացնենք հայ հասարակությանը, որ չի կարելի սևը սպիտակ անվանել, ինչպես դա փորձում է անել Փաշինյանը։ Ցավոք, մինչև վերջին պահը, մինչև ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին օրենքի քննարկումը և Երևանում Զելենսկու մասնակցությամբ ԵՄ գագաթնաժողովը, մեր վերևներում մնում էին կասկածներ այն առնչությամբ, թե ինչպես կառուցել հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ", - նշել է Զատուլինը։
Պետդումայի պատգամավորն այս հարցը շատ կարևոր է համարում։ «Ինձ թվում է, որ դա շատ ավելի նշանակալի է, քան ԱՊՀ որևէ այլ երկրի հետ հարաբերությունները: Որովհետև խոսքը ոչ թե, պարզապես, պետությունների միջև հարաբերությունների մասին է, այլ՝ ժողովուրդների միջև հարաբերությունների, որոնք պատմության ընթացքում՝ վերջին 200-300 տարիներին, հաստատ, շատ են հենվել միմյանց վրա։ Հայերի ազդեցությունը Ռուսաստանում շատ ավելի լուրջ է, քան ԱՊՀ ցանկացած այլ ժողովրդի, որոնք այդքան ցրված ու հաջողակ չեն։ Ըստ էության, հայկական սփյուռքի ազդեցությունը համեմատելի է ամբողջ աշխարհում հրեական սփյուռքի ազդեցության հետ: Բայց դա, չգիտես ինչու, չի դարձել առաջնորդող գործոն որոշ մարդկանց համար, որոնք մեզ մոտ քաղաքականություն են վարում եւ նախընտրում են մեկնել Բաքու գոլֆ խաղալու", - ընդգծել է ռուս խորհրդարանականը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ