
Արմինֆո. Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանին, որը տեղի է ունենում Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն, ընդհանուր քննարկմանն իր ելույթում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանն ընդգծել է, որ Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ 1972թ. կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու ուղղությամբ։
Նա բարձր է գնահատել Համաշխարհային ժառանգության կենտրոնի ջանքերը՝ Համաշխարհային ժառանգության ցանկում թերներկայացված մասնակից պետություններին աջակցելու գործում և ընդգծել Կենտրոնի կարողություններն ամրապնդելու անհրաժեշտությունը։
Վկայակոչելով Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, որը հյուրընկալվելու է Հայաստանում 2026թ. հոկտեմբերին, Արամ Հակոբյանը բարձր է գնահատել Կենտրոնի դերակատարությունը կլիմայական և կենսաբազմազանության օրակարգում, մասնավորապես՝ մշակութային ու բնական ժառանգության պաշտպանության և կենսաբազմազանության պահպանման միջև կապերի ամրապնդման միջոցով։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին Կալիում տեղի ունեցած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 16-րդ խորհրդաժողովում Հայաստանն ընտրվել է կողմերի 17-րդ համաժողովը հյուրընկալող երկիր։ Այս ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ ՝ որպես գլոբալ բնապահպանական գործընթացների կարևոր դերակատարի ։ Այժմ Հայաստանի վրա է դրված կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիայի շրջանակներում միջազգային ջանքերը համակարգելու և առաջ մղելու պատասխանատվությունը ՝ նպաստելով մարդկության առջև ծառացած արդիանակակից բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը:
2025 թվականի հունիսին Հայաստանն առաջին անգամ չորս տարի ժամկետով ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ ։ Կոմիտեն 1972 թվականի կոնվենցիայի առանցքային ղեկավար մարմիններից մեկն է և որոշում է կայացնում օբյեկտները համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու, ինչպես նաև դրանց պահպանման վերաբերյալ: