
Ադրբեջանի հետ հակամարտության ստեղծված պայմաններում Հայաստանի և Արցախի համար ՙպարտադրման ռազմավարությունը՚ (coercive strategies) ավելի ակտուալ է, քան ՙզսպման ռազմավարությունը՚ (deterrence strategies): ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՙԱշխարհ՚ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Օրես Վիեննայում ելույթ ունենալով «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ՚ խորագրով ԵԱՀԿ սեմինարին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան, մասնավորապես, նշել էր. «ՀՀ անվտանգության ապահովման նպատակներին հասնելու համար և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո իրականացվող բանակցային գործնթացի համար նպաստավոր պայմաններ ձևավորելու նպատակադրմամբ, նախատեսում ենք գործադրել մի շարք միջոցներ: Դրանցից է «Սանձահարման/Զսպման համակարգըե(Deterrence system), որը Հայաստանի Հանրապետությունը գործի է դնում առկա զինված դիմակայությունը նվազեցնելու համար: «Սանձահարումը/Զսպումը՚ մեր դոկտրինալ մոտեցումներում հետզհետե դուրս է մղում «Ստատիկ պաշտպանության՚ հայեցակարգին, որը հակառակորդի կողմից կարող էր դիտարկվել որպես անբավարար հզորության վկայություն՚:
ՙԱռաջիկա տարիներին ակտուալ կլինի հենց coercive strategies-ը: Զսպման մեխանիզմները կոչված են ստիպելու հակառակորդին զերծ մնալ այս կամ այն քայլից, վարքագծից: Օրինակ՝ հրաժարվել դիպուկահարների պատերազմից: Մինչդեռ պարտադրման ռազմավարությունները կոչված են անհրաժեշտ վարքագիծ պարտադրելու հակառակորդին: Օրինակ՝ հրաժարվել դիպուկահարների պատերազմից: Տարբերությունը մեծ է՚,- ասել է փորձագետը:
Արզումանյանը նշել է, որ երկու ռազմավարություններն էլ ունեն կոշտ սահմաններ, որոնց շրջանակներում դրանք կարող են կիրառվել: Հակառակ դեպքում, ըստ նրա, այդ ռազմավարություններից յուրաքանչյուրի կիրառումը միմիայն կվնասի ազգային քաղաքականությանը և ռազմավարությանը:
Փորձագետը գտնում է, որ արդի իրավիճակում դասական ռազմավարություններ կիրառել հարկավոր է՝ հաշվի առնելով վերջին ժամանակներս անվտանգության միջավայրը բնորոշելիս բավական ակտուալ դարձած ՙգորշ գոտի՚ հասկացությունը: Ըստ նրա, տասնամյակների ընթացքում մշակված հիշյալ կոնցեպտն Ադրբեջանի հետ հայկական հանրապետությունների հակամարտությունում առավել քան տեղին է:
Արզումանյանը ցավով նշել է, որ հայկական ռազմական ռազմավարությունը շարունակում է մնալ ռեֆլեքսիվ, անվտանգության միջավայրի իրողություններն արձանագրող, բայց միաժամանակ այդ միջավայրը ձևավորող: Այս առումով նա գտնում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի զսպմամբ հարկավոր էր զբաղվել անցած 10 տարիներին, որոնք իրականացվող ռազմական քաղաքականության տեսակետից փորձագետն ամենաարդյունավետը չի համարում: