


Արմինֆո. Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, հայտարարել է փաստաբան Արմինե Ֆանյանը: Փաստաբանը պատմել է, որ հուլիսի 17-ին ստացել է դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը: "Մասնավորապես, բավարարելով բողոքը, Դատարանն արձանագրել է, որ Հովնան սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնովորման, որի արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները", - գրել է փաստաբանը Facebook-ի իր էջում:
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Հովնան Հակոբյանը մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել կարգալույծ Արման (Գևորգ) Սարոյանի գործով, ով նախկինում ղեկավարել է Մասիսի թեմը և Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հռչակվել է կարգալույծ:



