


ԱրմԻնֆո: Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում գրանցվել են աղիքային վարակի դեպքեր, որոնցից վեցը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերը ստացել է 15 կանչ, որոնցից վեցը հանգեցրել են հոսպիտալացման: Հիմնական ախտանիշներն են՝ առողջական վիճակի վատթարացում, ջերմություն և որովայնի ցավ: Բժիշկները հոսպիտալացվածների վիճակը գնահատում են միջին ծանրության: Նրանք ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն», - հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարությունը հավելել է, որ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական հետազոտություններ և հակահամաճարակային միջոցառումներ՝ նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու համար:



