
Արմինֆո. «ՓՄՁ Ասոցիացիայի» կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսի նկատմամբ իրավապահ մարմինների գործողությունների առնչությամբ:
«Մենք՝ որպես փոքր և միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող, ՓՄՁ անդամության վրա հիմնված կազմակերպության՝ «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի» կառավարման խորհրդի ներկայացուցիչներ, անհրաժեշտ ենք համարում մեր մտահոգությունը հայտնել վերջին օրերին տեղի ունեցող գործընթացների առնչությամբ։
Մասնավորապես, մտահոգող են մեր երկրում ընթացող իրավապահ և վերահսկողական գործողությունները, որոնք իրականացվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ և ուղեկցվում են վերջինիս հետ փոխկապակցված մի շարք կազմակերպությունների գործունեության սահմանափակումներով, ստուգումներով, որոշ դեպքերում նաև տարածքների կապարակնքմամբ կամ այլ վարչական միջոցների կիրառմամբ։ Առնվազն այդ պրոցեսների համաժանամակյա մեկնարկի համընկնումը վերոհիշյալ քրեական վարույթի հետ ինքնին կասկած առաջացնող հանգամանք է։
Անկախ տվյալ գործընթացների իրավական հիմքերից և անհրաժեշտությունից՝ հատկապես կարևոր ենք համարում, որ պետական մարմինների բոլոր գործողություններն իրականացվեն օրենքի գերակայության, քաղաքական չեզոքության, համաչափության, իրավական որոշակիության և տնտեսական գործունեության անընդհատության սկզբունքների պահպանմամբ։ Ցանկացած միջամտություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ գործող բիզնեսների բնականոն գործունեության, աշխատակիցների աշխատանքի իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների կամ ներդրումային միջավայրի վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն և հավասարակշռված մոտեցում։
ՓՄՁ Ասոցիացիան որևէ քաղաքական ուժի կամ դրա ղեկավար կազմի հետ չի ունեցել և չունի համագործակցային կամ այլ բնույթի կապեր։ Ասոցիացիան ապակուսակցական կառույց է և իր գործունեությունն իրականացնում է բացառապես փոքր և միջին ձեռնարկատիրության շահերի պաշտպանության, մեր երկրում գործարար միջավայրի բարելավման և օրենքի գերակայության սկզբունքների ամրապնդման նպատակով։
Հաշվի առնելով, որ մեր երկրում այդպես էլ չներդվեց բիզնես շահերի պաշտպանության (բիզնես օմբուդսմեն) անկախ ինստիտուտը, իսկ մեր երկրում գործող Մարդու իրավունքների պաշտպանը իր հուլիսի 8-ի հայտարարությամբ հանդես է եկել վերոհիշյալ ձերբակալության միայն ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության և այլնի մասով, մենք՝ որպես Հայաստանում գործող բիզնես շահերի պաշտպանության մանդատով հանդես եկող միություններից մեկը, կարևորում ենք հրապարակային հանդես գալ բիզնես շահերի պաշտպանության հայտարարությամբ։ Որով, ևս մեկ անգամ կոչ ենք անում, սույն պրոցեսներում ներգրավված պետական մարմինների ներկայացուցիչներին, որպեսզի յուրաքանչյուր գործողություն լինի ոչ միայն իրավաչափ, այլև հանրության համար թափանցիկ, հիմնավորված և վստահություն ներշնչող՝ այդ թվում բիզնես համայնքի համար։
Հույս ենք հայտնում, որ սույն հայտարարությունը կնպաստի պետական և մասնավոր հատվածի միջև կառուցողական երկխոսությանը և կծառայի որպես լրացուցիչ ազդակ՝ ապահովելու իրավական պետության, արդար մրցակցության, ներդրումների պաշտպանության և տնտեսության կայուն զարգացման սկզբունքների պահպանմանը»,- ասվում է ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանին ձերբակալել և տեղափոխել էին ՀՀ քննչական կոմիտե: Նա մեղադրվում է խարդախություն կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ օրինականացնելու (լվանալու) մեջ ։ Հետաքննության վարկածով ՝ 2022-2024 թվականներին նրա ղեկավարությամբ գործող խումբը Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման պատրվակով Իրանի քաղաքացիների մասնակցությամբ ստեղծել է համատեղ իրավաբանական անձեր, որից հետո իրականացրել է խարդախ սխեմա ՝ պատճառելով ավելի քան 21 մլն դոլարի վնաս։ Բացի այդ, Գագիկ Ծառուկյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել ՝ ապօրինի որսի համար: Հուլիսի 7-ին դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը ՝ Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու մասին։ Գործի շրջանակներում հուլիսի 6-ին իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել Ծառուկյանի հետ կապված ավելի քան 70 հասցեներում: Դրանից հետո բոլոր ձեռնարկությունների դռները կապարակնքվել էին։