


Արմինֆո. Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։ Այդ մասին ասվում է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործունեության ծրագրում։
Փաստաթղթում նշվում է, որ Հարավային Կովկասում տեւական խաղաղության և կայունության ապահովումը շարունակում է մնալ Անկարայի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը:
"Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։ Թուրքիան նաեւ կշարունակի աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին։ Ընդգծվում է, որ տարածաշրջանում երկարաժամկետ կայունության եւ անվտանգության համար թուրք-հայկական եւ ադրբեջանահայկական գործընթացները պետք է համակարգված ընթանան", - ասվում է փաստաթղթում, որին հղում է անում APA-ն:
"Ռազմավարական գործընկերությունը երկկողմ և բազմակողմ նախաձեռնությունների միջոցով պետք է նպաստի խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում ։ Կարգավորման տարածաշրջանային գործընթացների շրջանակներում Ադրբեջանի հետ մեր համակարգումը կշարունակվի", - ասվում է փաստաթղթում։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հաղորդել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Ադրբեջանի հետ համակարգմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Կողմերը կարգավորման գործընթացում Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ էին նշանակել Սերդար Քըլըչին եւ Ռուբեն Ռուբինյանին, որոնք արդեն մի քանի փուլ բանակցություններ են անցկացրել, սակայն ինչ-որ բեկումնային որոշումների հասնել դեռ չի հաջողվել՝ բացի ավիաբեռնափոխադրումներից եւ ուղեւորափոխադրումներից:



