


Արմինֆո.Նախատեսվում է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որը
«e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, նրանց պաշտպանության, ուղղորդման և նրանց հետ աշխատանքների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախագծի նպատակն է ստեղծել հստակ, թափանցիկ և կանխատեսելի մեխանիզմներ՝ բուլինգի ենթարկված երեխաներին ժամանակին հայտնաբերելու, պաշտպանելու և անհրաժեշտ աջակցություն տրամադրելու համար։ Նոր կարգը կկիրառվի երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող կենտրոններում, կրթական (այդ թվում՝ նախադպրոցական և արտադպրոցական) հաստատություններում, սպորտային, մշակութային կազմակերպություններում և Արդարադատության համակարգում գործող պատժի կամ քրեաիրավական ներգործության միջոցներ իրականացնող մարմիններում։
Բուլինգը երեխայի նկատմամբ բռնության մասնավոր դրսևորում է, և նման դեպքերի հայտնաբերումը նախատեսվում է իրականացնել հետևյալ ուղղություններով․ մանկավարժական և ուսումնաօժանդակ անձնակազմի, ինչպես նաև հոգեբանի կողմից երեխաների միջանձնային շփումների, վարքագծային կտրուկ փոփոխությունների և հուզական վիճակի ամենօրյա մշտադիտարկում; բուլինգի դեպքերի մասին անանուն հայտնելու համար «Վստահության արկղեր»-ի կամ առցանց հարթակների ներդնելու միջոցով; մեկուսացված կամ թիրախավորված երեխաներին հայտնաբերելու նպատակով հատուկ մշակված հարցազրույցների իրականացում թիմի կողմից; վստահության մթնոլորտի ձևավորում, որտեղ երեխան իրեն անվտանգ է զգում հոգեբանին, մանկավարժին կամ թիմի համակարգողին դիմելու՝ սեփական փորձառության կամ այլ երեխայի նկատմամբ կիրառվող բուլինգի հնարավոր դեպքի մասին պատմելու համար։
Նախագծի մանրամասներին կարելի է ծանոթանալ և առաջարկներ ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://e-draft.am/projects/10408։



