
Արմինֆո. Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից: Նման հայտարարություն է արել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, այժմ անազատության մեջ գտնվող հայտնի գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ իշխանությունների նման որոշումը՝ աշխատող, բարիք ստեղծող ձեռնարկությունների կանգնեցումը, հարված է բիզնեսի ամբողջական ոլորտների համար՝ երկրի կտրվածքով, և հարված է արդար քրտինքով վաստակող, աշխատող մարդկանց համար։
«Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի այդ հիմնարկների հետ, բոլորը գիտեն, որ ես շատ վաղուց դուրս եմ եկել այդ ձեռնարկությունների կառավարումից, ոչ մի կապ չունեմ դրանց ընթացիկ հարցերի հետ, չեմ միջամտել աշխատանքներին։ Այնուհանդերձ, բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի, և ի վերջո չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքներին։ Այս ձեռնարկություններն աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց, դրանց հետ առնչվում են տասնյակ հազարավոր այլ գործընկերներ, որոնց բիզնեսն այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Այս ամենը իրոք շատ մեծ վնաս է հասցնում և´ աշխատող քաղաքացիներին, և´ մեր երկրին ընդհանրապես», - գրել է Ծառուկյանը։
Նա անդրադարձել է նաև Քրիստոսի արձանի կառուցման գործընթացին։ «Այս օրերին ես մտքով շատ հաճախ եմ լինում Քրիստոսի արձանի շինհրապարակում. ամեն քարը, ամեն աստիճանը, ամեն մետրն ինձ համար թանկ է ու կարևոր։ Վերջերս մտածում էի, որ ժամանակն է՝ ստեղծել արձանի բացման արարողության աշխատանքային խումբ։ Պլանավորում եմ, որ ներկա կգտնվեն հեղինակավոր հյուրեր աշխարհի բոլոր ծայրերից, հանրահայտ դեմքեր, համաշխարհային հեղինակություն ունեցող գործիչներ, պաշտոնական պատվիրակություններ, իմ երկրի ու ժողովրդի բարեկամներ, տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչներ։ Ասեմ, որ արդեն իսկ ունեմ բազմաթիվ հեղինակավոր անձանց հավաստիացումները, որ բացմանը կգան մեր երկիր՝ տեսնելու աշխարհի նոր հրաշալիքը։ Այս ամենը պետք է մշակել, պլանավորել, քննարկել, բանակցել։ Մի խոսքով, շատ գործ կա անելու։ Աստծո կամոք, ամեն ինչ կարվի։ Ես ունեմ այն խոր, անխախտելի զգացողությունը, որ այդ արձանի կառուցումը մեր երկրի համար նոր, լուսավոր շրջան է բացելու։ Այդ արձանը մեր երկրի համար պետք է բացի նոր էջ, նոր հաջողություն։ Այն պիտի դառնա մեր ներքին համերաշխության, ազգային վերածննդի ու աշխարհին ներկայանալու մեր նոր խորհրդանիշը», - համոզմունք է հայտնել Գագիկ Ծառուկյանը։
Գործարարը նաեւ շնորհակալություն է հայտնել հանրային գործիչների այն մեծ ու հեղինակավոր ցանկին, որոնք հանդես են եկել իրեն աջակցող հայտարարությամբ։ «Նման քայլը երբեք չի մոռացվում», - ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հուլիսի 6-ին իրավապահները լայնածավալ խուզարկություններ էին իրականացրել Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև ավելի քան 70 հասցեներում, այդ թվում ՝ Multi Group կոնցեռնի մեջ մտնող ընկերություններում ՝ տասից ավելի քրեական վարույթների հետաքննության շրջանակներում ։ Մոտ 12 ժամ տևած քննչական գործողությունների ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել էր։ Հաջորդ օրը դատարանը բավարարել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննության միջնորդությունը։
Քաղաքական գործչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով ՝ կապված կոռուպցիոն հանցագործությունների, այդ թվում ՝ կաշառք տալու և ստանալու, ինչպես նաև ազդեցության չարաշահման հետ: Ծառուկյանն՝ ինքը, մեղքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները քրեական հետապնդումը համարում են քաղաքական դրդապատճառներով պայմանավորված և վիճարկում են ննության և դատարանի որոշումները։
Multi Group կոնցեռնի մի շարք ձեռնարկություններ կապարակնքված են։ Աշխատակիցները դուրս են գալիս բողոքի ակցիաների, սակայն իշխանություններից դեռևս որևէ արձագանք չկա, չնայած այն հանգամանքին, որ վնաս է հասցվում ոչ միայն տնտեսությանը և միջազգային ճանաչում ունեցող հայկական որոշակի արտադրանքի ապրանքանիշերին, այլև լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ է ստեղծում իրենց աշխատանքից զրկված շարքային քաղաքացիների համար:
Խուզարկություններից հետո աշխատանքները վերսկսել է միայն "Արարատցեմենտ" գործարանը ՝ բողոքի ակցիաներից և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների ներգրավումից հետո։ Մնացած ընկերություններն արդեն 10 օր պարապուրդի են մատնված, և լիազոր մարմիններից ոչ մեկը որոշակի պարզաբանումներ չի տալիս ձեռնարկությունների հետագա ճակատագրի վերաբերյալ։