


Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) պատվիրակությանը։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում Էստոնիայի համագործակցությանը հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում։
Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության ու գործարար կապերի առավել խորացման առթիվ։
Նշենք, որ ESTDEV-ը (Estonian Centre for International Development)՝ Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնը, պետական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2019 թվականին Էստոնիայի Արտաքին գործերի նախարարությանն առընթեր: Կենտրոնը համակարգում է միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերը՝ գործընկեր երկրներին ցուցաբերելով փորձագիտական և տեխնիկական աջակցություն: Գործունեության հիմնական ուղղությունները ներառում են թվային փոխակերպումը և էլեկտրոնային պետական կառավարումը, կրթությունը, ձեռնարկատիրության զարգացումը, արդյունավետ պետական կառավարումը, կիբեռանվտանգությունը և տնտեսական զարգացման խթանումը: ESTDEV-ը նախագծեր է իրականացնում Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Աֆրիկայի երկրներում և այլ տարածաշրջաններում ՝ օգտագործելով Էստոնիայի փորձը թվայնացման և պետական կառավարման բարեփոխումների ոլորտում:
ՀՀ մաքսային ծառայության տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Էստոնիա արտահանվող ապրանքների մաքսային արժեքը գրեթե 2 անգամ նվազել է ՝ կազմելով 267.2 հազար դոլար։ Իսկ Էստոնիայից Հայաստան ներկրվող ապրանքների մաքսային արժեքն աճել է 7.8%-ով՝ մինչեւ 1.2 մլն դոլար։



