
Արմինֆո. 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է կյանքի համար՝ առողջական վիճակի վատթարացման ֆոնին: Այս մասին Facebook-ի իր էջում ահազանգում է արգենտինահայ փաստաբան, SOAR կազմակերպության Բուենոս Այրեսի մասնաճյուղի ղեկավար Լուսիանա Մինասյանը:
Նրա խոսքով ՝ բժշկական փաստաթղթերը վկայում են Մկրտչյանի առողջական ծանր խնդիրների առկայության մասին։ Մասնավորապես, լեյկոցիտների մակարդակը (WBC) կազմում է 14,27, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է նորմը և ցույց է տալիս արտահայտված բորբոքային պրոցես:
Հրապարակված տվյալների համաձայն ՝ ռազմագերու մոտ ախտորոշվել է ձախ փորոքի հիպերտրոֆիա, դիաստոլիկ դիսֆունկցիա և աորտայի անբավարարություն ։ Մինասյանը հայտարարում է, որ Մկրտչյանին պարբերաբար անհանգստացնում են ուժեղ գլխացավերը, գլխապտույտը, կրծքավանդակի շրջանում ցավերը և արյան բարձր ճնշումը, չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանցի մասնագետները նրա վիճակը պաշտոնապես մեկնաբանում են որպես "կայուն":
"Սա 2020 թվականին գերեվարված ռազմագերու բժշկական օգնության կանխամտածված անտեսում է, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այս պահին նրան հասանելիություն չունեն", - ահազանգում է փաստաբանը:
Այդ առնչությամբ Մինասյանը դիմել է Միավորված ազգերի կազմակերպությանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ՝ կոչ անելով ապահովել անկախ բժիշկների անհապաղ մուտքը Լյուդվիգ Մկրտչյանի մոտ և կազմակերպել նրան շտապ բժշկական օգնության ցուցաբերումը:
Իր հրապարակմանը փաստաբանը կցել է գերու բժշկական փաստաթղթերի պատճենները ՝ միջազգային հանրությանը կոչ անելով ուշադրություն դարձնել նրա վիճակի ծանրությանը:
Նշենք, որ Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից 2020 թվականի աշնանը ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ։ Հայկական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս բարձրացրել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ճակատագրի հարցը ՝ Բաքվին կոչ անելով պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և ապահովել նրանց բժշկական օգնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հասանելիությունը:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։