ՀՀ Ազգային ժողովը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ փետրվարի 19-ին գումարված արտահերթ նիստում ընդունել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության վերակազմավորման մասին օրենքը:
Մասնավորապես՝ առաջարկվում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը բաժանել Տարածքային կառավարման նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության:
Փաստաթղթի օգտին քվեարկել են միայն Հանրապետական կուսակցության և ՀՅԴ ներկայացուցիչները, քանի որ հիշյալ վերակազմավորումն իրականացվում է՝ ելնելով այդ երկու ուժերի համագործակցության շուրջ քաղաքական պայմանավորվածությունից:
ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունն ի սկզբանե հայտարարել է, որ արհեստական է համարում այդ օրակարգը և բոյկոտել է ԱԺ արտահերթ նիստը:
Իսկ ՙԺառանգություն՚, ՙԲարգավաճ Հայաստան՚ և ՙՀայ ազգային կոնգրես՚ խմբակցությունները դեմ են քվեարկել փաստաթղթին, քանի որ աննպատակահարմար են համարել բացառապես քաղաքական կոնյունկտուրայի, այլ ոչ թե ֆինանսական նպատակահարմարությունից և արդյունավետ կառավարման նկատառաումներից ելնելով իրականացվող վերակազմավորումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո վերջինիս բաժին կհասնեն տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, որը կզբաղեցնի Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնը, որը կհանձնվի Լևոն Մկրտչյանին, էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, որը բաժին կհասնի Արծվիկ Մինասյանին: Բացի այդ, ՀՅԴ-ին կհանձնվեն Արագածոտնի և Շիրակի մարզպետների, Երևանի Արաբկիր համայնքի ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև մի քանի փոխնախարարների պորտֆելներ: