


ԱրմԻնֆո. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով և խաղաղության հաստատման գծով տեղակալ Ռոզմարի ԴիԿառլոյի հետ՝ ներկայացնելու Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և կապակցվածության խթանմանը ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը՝ տարածաշրջանի ողջ ներուժի իրացման համատեքստում:
Կողմերը քննարկել են ՄԱԿ-80 բարեփոխումների գործընթացը: Այս համատեքստում ՀՀ փոխարտգործնախարարը ընդգծեց ՄԱԿ-ի կառույցների կողմից զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և հակամարտությունների կանխարգելման համագործակցության ծրագրերի շրջանակներում արդյունավետ աշխատանքի շարունակականության ապահովման կարևորությունը։
Զրուցակիցները նաև անդրադարձան հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) նախապատրաստվող աշխատանքներին և մտքեր փոխանակեցին միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։



