


Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն, այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։
«Այցի ընթացքում դիտարկվել է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։ Նրանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների հետ։
Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Այցի շրջանակում ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքները, ինչպես նաև վերհանված խնդիրները, մանրամասն կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ վարույթի շրջանակներում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակում): Քննչական գործողություններն իրականացվել են լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, որով ավելի վաղ կալանավորվել էր "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Մանուկյանը կասկածվում է Թևանյանին ՀՀ զինված ուժերի վերաբերյալ գաղտնի տվյալներ փոխանցելու մեջ, որոնք ներկայացվել են խորհրդարանում դռնփակ խորհրդակցության ժամանակ: Հուլիսի 9-ին դատարանի որոշմամբ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է։ Ընդ որում, դատարանն ամբողջությամբ սահմանափակել է Մանուկյանի հետ տեսակցությունները։ Նրա հետ տեսակցել թույլատրվում է միայն փաստաբանին, և դա այն պայմաններում, երբ կինն ունի անչափահաս երեխա։



