
Արմինֆո. Հայտնի բարերար, գործարար և "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ կապարակնքված ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում ՝ պահանջելով վերսկսել ձեռնարկությունների աշխատանքը և ապահովել իրենց աշխատանքի իրավունքը:
Անվերապահ աջակցություն հայտնելով Ծառուկյանին՝ Երևանի "Արարատ" կոնյակի-օղու կոմբինատի աշխատակիցները հայտարարել են, որ գործատուն երբեք չի ոտնահարել իրենց իրավունքները. նրանք ժամանակին ստացել են աշխատավարձ և արձակուրդ, իսկ տոնական օրերին կարողացել են ժամանակ անցկացնել ընտանիքների հետ: Ընդ որում, նրանք իշխանություններին կոչ են արել իրենց չներգրավել իրավական գործընթացներում, քանի որ տեղի ունեցածի որեւէ առնչություն չունեն ։ "Բացի մեր աշխատանքից՝ մենք ոչինչ չենք ուզում", - հայտարարել են նրանք:
Ակցիայի մասնակիցները նաև կասկածներ են հայտնել այն առնչությամբ, որ իշխանությունները հավատարիմ են ժողովրդավարական սկզբունքներին, հաշվի առնելով այն մեթոդները, որոնցով նրանք առաջնորդվում են: "Ինչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել, եթե պաշտպանված չեն մի քանի հազար մարդու իրավունքները։",- հայտարարել են նրանք, նշելով, որ յուրաքանչյուրն ունի ընտանիք, որին պետք է պահի, ինչպես նաև՝ վարկային, հարկային և այլ պարտավորություններ, որոնք պահանջում են ժամանակին կատարում:
Աշխատակիցների խոսքով ՝ իրենք միայն հստակություն են ուզում ձեռնարկությունների հետագա ճակատագրի վերաբերյալ։ "Թող գոնե ասեն, թե երբ ձեռնարկությունները կվերսկսեն աշխատանքը", - խնդրել են նրանք:
Ձեռնարկություններն արդեն մեկ շաբաթ պարապուրդի են մատնված, ինչը, ցուցարարների կարծիքով, բացասաբար է անդրադառնում ոչ միայն Հայաստանի մի քանի հազար քաղաքացիների սոցիալական վիճակի, այլև երկրի տնտեսության, ինչպես նաև նրա գործարար համբավի վրա, քանի որ այդ ձեռնարկություններից մի քանիսը միջազգային ճանաչում ունեցող բրենդեր են, և դրանց արտադրանքն արտահանում են արտերկիր:
"Մուլտսթոուն" ձեռնարկության (ք.Աբովյան) աշխատակիցները տարակուսանք են հայտնել, որ նման կերպ են վարվում մի մարդու հետ, ով երկրում հազարավոր աշխատատեղեր է ստեղծել և դրանով օգնել է լուծել բազմաթիվ հայ ընտանիքների սոցիալական խնդիրները:
Նրանք հայտարարել են, որ շարունակելու են պայքարել իրենց իրավունքների համար և, անհրաժեշտության դեպքում, պատրաստ են փակել ճանապարհները:
Աշխատակիցներն ուղևորվել են Քննչական կոմիտեի տեղական վարչություն՝ պարզելու, թե երբ կվերսկսվի ձեռնարկության աշխատանքը: Սակայն նրանց մոտ ոչ ոք դուրս չի եկել, և նրանք որևէ պարզաբանում չեն ստացել։ Արդյունքում՝ աշխատակիցները որոշում են կայացրել վաղը ժամը 9: 00-ին մեկնել Երևան՝ ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական վարչության շենքի մոտ ՝ կոնկրետ պատասխաններ ստանալու: