
Արմինֆո. Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ, որում իրենց աջակցությունն են հայտնել "Մայր Հայաստան" կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին և նրա ընտանիքին:
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կին պատգամավորներս, խոր մտահոգություն են հայտնում «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի կիրառման առնչությամբ։
Համոզված լինելով, որ հարուցված քրեական վարույթն ուղղորդված է գործադիր իշխանության կողմից և ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի, նաև խիստ վիճահարույց է օրինական հիմքերի առկայությունը, այնուամենայնիվ, արձանագրում ենք, որ կալանքը քրեական դատավարության մեջ խափանման ծայրահեղ միջոցն է և կիրառվում է, երբ ավելի մեղմ միջոցներով անհնար է ապահովել վարույթի բնականոն ընթացքը։
Օրենքի գերակայության, մարդու ազատության և անմեղության կանխավարկածի սկզբունքները պահանջում են, որ յուրաքանչյուր նման որոշում լինի համաչափ, բավարար հիմնավորված և անխուսափելի։
Հաշվի առնելով փաստի հանրային հնչեղությունը, Արեգնազ Մանուկյանի՝ քաղաքական-հասարակական գործունեությունը, անչափահաս երեխա ունենալու հանգամանքը, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության սկզբունքները՝ կոչ ենք անում.
1. Անհապաղ վերանայել Արեգնազ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
2. Կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոց։
3. Ապահովել քրեական վարույթի ամբողջ ընթացքում օրենքի, արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների լիարժեք պահպանումը։
Այսու, հորդորում ենք ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և վարույթ իրականացնող մարմնի ղեկավար Արթուր Պողոսյանին՝ վերանայել կալանքի անհրաժեշտությունը և ապահովել Արեգնազ Մանուկյանի կալանքից ազատ արձակումը՝ կիրառելով խափանման ավելի մեղմ, այլընտրանքային միջոց։
Հաստատում ենք, որ արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը կարող է պահպանվել միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր որոշում հիմնված է բացառապես օրենքի և իրավաչափության սկզբունքի վրա, այլ ոչ թե՝ քաղաքական բռնաճնշումների։
Մենք՝ ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերս, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Արեգնազ Մանուկյանին և ընտանիքին՝ համոզումով, որ խոսքի, խղճի, քաղաքական հայացքների և գործունեության ազատությունը անկասելի արժեքներ են», - ասվում է հայտարարությունում, որի ներքո ստորագրել են Լիլիթ Գալստյանը, Իրինա Գասպարյանը, Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը, Ագնեսա Խամոյանը, Արմինե Խերանյանը, Արմենուհի Կյուրեղյանը,Ասպրամ Կրպեյանը, Զեմֆիրա Միրզոևան, Աննա Մկրտչյանը, Արփինե Վարդանյանը, Էլինար Վարդանյանը և Քրիստինե Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ վարույթի շրջանակներում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակում): Քննչական գործողություններն իրականացվել են լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, որով ավելի վաղ կալանավորվել էր "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Մանուկյանը կասկածվում է Թևանյանին ՀՀ զինված ուժերի վերաբերյալ գաղտնի տվյալներ փոխանցելու մեջ, որոնք ներկայացվել են խորհրդարանում դռնփակ խորհրդակցության ժամանակ: Հուլիսի 9-ին դատարանի որոշմամբ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է։