
Արմինֆո. Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը։ Այդ մասին ասվում է "ՀայաՔվե" ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունում։
«Գործող վարչախմբի կողմից ազգային դիմագիծ և արժանապատվություն, քաղաքական տարբերվող հայացքներ ունեցող գիտնականների և մանկավարժների հանդեպ ճնշումներն ու սահմանափակումները նորություն չեն։ Բազմաթիվ դասախոսներ հեռացվել են բուհերից` առանց հիմնավորումների։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, որը մշտապես հանդես է եկել բուհերում քաղաքական չեզոքության սկզբունքի, ակադեմիական ինքնավարության և ազատությունների պահպանման օգտին, խստորեն դատապարտում է Մայր բուհում քաղաքական հալածանքների սաստկացումը վերջին օրերին։ ԵՊՀ ղեկավարությունը միակողմանիորեն ու առանց որևէ հիմնավորման դադարեցրել է աշխատանքային պայմանագրերը երկարամյա և վաստակաշատ դասախոսներ՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի, իրավագիտության թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանի հետ՝ դրանով փորձելով նրանց պատժել իրենց քաղաքական հայացքների, գործունեության կամ պարզապես քաղաքացիական ակտիվության համար։ Սա խտրականության դասական դրսևորում է, որը կոպտորեն խախտում է բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների վերաբերյալ ՀՀ սահմանադրության դրույթները, ինչպես նաև համապատասխան միջազգային չափանիշները։
Ցավում ենք, որ Մայր բուհում այս ամենը հանդուրժվում է։ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը», - նշվում է հայտարարությունում։
Իրավիճակին արձագանքել է նաև հասարակական-քաղաքական գործիչ Մենուա Սողոմոնյանը։ Նրա խոսքով ՝ վարչակազմի նպատակը համալսարանն ավիրելն է։ "Երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրենց տեսակետներն ունեցող դասախոսների պաշտոնանկություններն անպայման կշարունակվեն։ Արդյունքում՝ կմնան միայն նրանք, ովքեր իրենց տեսակետը կարտահայտեն միայն աշխատասենյակներում։ Ես բազմիցս դիմադրության կոչ եմ արել։ Դիմադրություն կլինի, համալսարանը չի փլուզվի։ Դիմադրություն չի լինի, համալսարանը կփլուզվի։ Ինձ համար համալսարանը պետության հետ նույնացվող ինստիտուտ է։ Պատահական չէ, որ հենց 1919 թվականին, երբ սով ու ժանտախտ էր, երբ երկիրը լի էր որբերով ու փախստականներով, մեր մեծ նախնիները որոշեցին համալսարան բացել", - նշել է Մենուա Սողոմոնյանը։