


Արմինֆո.Ամեն տարի քոլեջ ընդուննվողների թիվն աճում է մոտ 10%-ով: Այդ մասին հուլիսի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արաքսյա Սվաճյանը, նշելով, որ դրական միտումը տարեցտարի պահպանվում է։
Նա պատմել է, որ արհեստագործական կրթության ծրագրով հաջորդ ուսումնական տարվա համար նախատեսված է 3312 տեղ՝ 38 մասնագիտությունների գծով, որոնցից 21-ը վերաբերում է գերակա ուղղություններին և նախատեսում է կրթաթոշակների վճարում: Եւս 800 տեղ նախատեսված է ներքին գործերի նախարարության ծրագրով։ Միջնակարգ մասնագիտական կրթության ծրագրերով հասանելի կլինի 6064 տեղ՝ 107 մասնագիտությունների գծով: Ընդ որում, 15 մասնագիտություններ ընդգրկվել են կրթաթոշակային ծրագրում՝ որպես առաջնային երկրի տնտեսության համար։
Միեւնույն ժամանակ, Սվաճյանը հիշեցրել է, որ որպես տնտեսության գերակա ուղղություններ կառավարությունը սահմանել է հետեւյալ ոլորտները․ արդյունաբերություն, գյուղտնտեսություն եւ շինարարություն։ Այս մասնագիտություններով սովորող ուսանողներին վճարվում է կրթաթոշակ' 50 հազար դրամի չափով:
Փոխնախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ առաջին կուրսում, անկախ այն բանից, ուսանողը սովորում է վճարովի հիմունքներով, թե՝ պետպատվերով, նա ստանում է կրթաթոշակ: Առաջին տարվա արդյունքներն ամփոփելուց հետո կրթաթոշակները պահպանում են բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները: Մյուսները, ինչպես նշել է նա, կկարողանան վերականգնել կրթաթոշակները ՝ բարելավելով իրենց ուսման ցուցանիշները։
Այս ծրագիրը, Սվաճյանի հավաստմամբ, բարելավել է այդ ուղղություններով տեղերի լրացմանն առնչվող իրավիճակը։ "Երիտասարդները սկսել են հետաքրքրվել այս մասնագիտություններով, որոնք տարիներ շարունակ թափուր են մնացել։ Հիմա արդեն ունենք ուսանողներ այդ բոլոր մասնագիտություններով", - նշել է փոխնախարարը։



