


Արմինֆո.Վանդալիզմի ակտ է կատարվել Ստամբուլի Սկյուտար շրջանի Բաղլարբաշը թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը։ Այդ մասին հաղորդել է Պոլսո Հայոց պատրիարքարանը՝ Facebook-ի իր էջում։
Պատրիարքարանում պատմել են, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ի՝ լույս 8-ի գիշերը։ Նշվում է, որ անհայտ անձը մուտք է գործել գերեզմանատան տարածք և վնասել 6 տապանաքար և աղբյուր:
"Այդ միջադեպը խորապես վշտացրել է համայնքի անդամներին, հատկապես՝ նրանց, ում մտերիմները թաղված են այդ գերեզմանատանը։ Շրջանային խորհուրդն անհապաղ կապ է հաստատել անվտանգության համապատասխան մարմինների հետ, որոնք հետաքննություն են սկսել վանդալի ինքնությունը պարզելու և նրան պատասխանատվության ենթարկելու նպատակով: Պատրիարքարանը դատապարտում է այս զազրելի հարձակումը մեր համայնքի սրբազան արժեքների և հավերժական հանգստավայրերի վրա",- ասվում է հաղորդագրությունում:
"Մենք հույս ունենք, որ մեղավորը պատասխանատվության կենթարկվի։ Պատրիարքարանը ուշադրությամբ հետևում է միջադեպի հետ կապված բոլոր իրադարձություններին", - ասված է հայտարարության մեջ:
Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ Սկյուտարը Ստամբուլի պատմական շրջաններից մեկն է, որտեղ մինչև Հայոց ցեղասպանությունը մի քանի տասնյակ հազար հայ է ապրել:



