


Արմինֆո.Այսօրվանից Հայաստանում ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն, այսուհետեւ աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը և խնամակալը) կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։
Ծնողական ժամը տրամադրվում է հետևյալ ծավալով․ մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 30 րոպե; մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 1 ժամ; մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։
Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել այն։
«Կարևոր է իմանալ։ Ծնողական ժամի կիրառման ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ միջին աշխատավարձը (բացառությամբ պարգևատրման գումարների)», - նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունները կատարվել են հունիսի 11-ին և ուղղված են աշխատողների աշխատանքային և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համադրման ապահովմանը:
Երեխայի խնամքի համար նման արձակուրդի տրամադրումը թույլ է տալիս աշխատող ծնողներին ավելի ճկուն կազմակերպել իրենց աշխատանքը և ընտանեկան պարտականությունները ՝ ապահովելով անհրաժեշտ վերահսկողություն երեխայի խնամքի, դաստիարակության և առողջության նկատմամբ: Միևնույն ժամանակ, այն նպաստում է աշխատավայրում սթրեսի նվազեցմանը, աշխատողների սոցիալական պաշտպանության բարձրացմանը և աշխատանքի արդյունավետության պահպանմանը:



