
Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարությունում անցկացվել է Եվրոպական միության TAIEX գործիքի շրջանակում կազմակերպված փորձագիտական առաքելության եռօրյա աշխատաժողովը՝ նվիրված «Անհետացման եզրին գտնվող վայրի բուսական և կենդանական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) արդյունավետ իրականացմանը։
Ինչպես նշվում է Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունում, Չեխիայի Հանրապետության փորձագետների մասնակցությամբ անցկացված աշխատաժողովի նպատակն էր նպաստել Հայաստանում CITES կոնվենցիայի դրույթների կիրառման կատարելագործմանը՝ մասնավորապես ապօրինի շրջանառության դեմ պայքարի, առգրավված նմուշների պահպանման և իրավական կարգավորումների բարելավման ուղղությամբ։
Բացման խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Ողջունելով մասնակիցներին՝ նա նշել է, որ նման փորձագիտական առաքելությունները կարևոր հնարավորություն են միջազգային լավագույն փորձը Հայաստանում կիրառելու համար։ Նա ընդգծել է, որ նախաձեռնությունն իրականացվում է ճիշտ ժամանակին՝ հաշվի առնելով, որ 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության և չեխ գործընկերներին արդյունավետ համագործակցության և աշխատաժողովի կազմակերպման համար՝ ընդգծելով, որ կենսաբազմազանության պահպանությունն ու վտանգված տեսակների պաշտպանությունը համատեղ ջանքեր պահանջող առաջնահերթություն են։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը նշել է, որ վտանգված տեսակների միջազգային առևտրի կանխարգելման և CITES կոնվենցիայի արդյունավետ իրականացման ուղղությամբ յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ Հայաստանը, կարևոր անելիքներ ունի։ Նրա խոսքով՝ COP17-ի նախաշեմին նման աշխատաժողովի անցկացումը հատկապես կարևոր է ազգային կարողությունների ամրապնդման և միջազգային համագործակցության խորացման տեսանկյունից։
CITES կոնվենցիայի ազգային համակարգող Տաթևիկ Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը, TAIEX ծրագրին և չեխ փորձագետներին աջակցության և փորձի փոխանակման համար։ Նա ներկայացրել է, որ առաքելության հիմնական նպատակը Հայաստանում CITES կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործումն ու պատասխանատու կառույցների միջև համագործակցության ամրապնդումն է։
Աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի, Երևանի կենդանաբանական այգու, ինչպես նաև ոլորտային այլ պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ։
Եռօրյա ծրագրի ընթացքում քննարկվել են CITES կոնվենցիայի ազգային օրենսդրական կարգավորումները, վերահսկողության և իրավակիրառման մեխանիզմները, ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ու քննության գործիքները, առգրավված կենդանիների և բույսերի պահպանման ու խնամքի միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև հանրային իրազեկման և միջգերատեսչական համագործակցության հարցերը։
Ծրագրի շրջանակում մասնակիցներն այցելել են նաև Երևանի կենդանաբանական այգի և Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ, որը CITES-ի գիտական մարմինն է Հայաստանում։ Այցերի ընթացքում նրանք ծանոթացել են վտանգված տեսակների պահպանության, գիտական հետազոտությունների և CITES կոնվենցիայի իրականացմանն ուղղված գործնական աշխատանքներին։