
Արմինֆո."Ես "Արարատցեմենտի" վերաբերյալ քաղաքական հայտարարություն եմ արել այն բանից հետո միայն, երբ համապատասխան ահազանգ է ստացվել իրավապահ մարմիններից, այլ ոչ թե՝ հակառակը", - հուլիսի 9-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա վստահեցրել է, որ կարվի հնարավորինը՝ "Արարատցեմենտի"բոլոր աշխատակիցների իրավունքները պաշտպանելու համար: Ընդ որում, վարչապետը դիմել է գործարանի աշխատակիցներին, խնդրելով չկատարել գործողություններ, որոնց համար հետագայում նրանք ստիպված կլինեն զղջալ։ Այդ առնչությամբ նա հիշեցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) շուրջ ստեղծված իրավիճակը, երբ աշխատողներին նախազգուշացնում էր աշխատանքից ազատման մասին՝ որևէ մեկի պատվերը կատարելու դեպքում:
"Հունիսին ես դա ասացի, իսկ օգոստոսին նրանք արդեն ազատված էին աշխատանքից։ Նրանց մի մասի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, իսկ ոմանք արդեն դատապարտվել են։ Ուզում եմ, որպեսզի խաղի կանոնները հասկանալի լինեն բոլորին։ Ոմանք միջնորդների միջոցով կամ ուղղակիորեն խնդրում են վերականգնել իրենց աշխատավայր: Ես մերժում եմ, որովհետև կանոնները սահմանվել էին, և իրենք լսել էին, թե ես ինչ եմ ասել", - ասել է վարչապետը։
Փաշինյանը համանման խնդրանքով դիմել է նաև "Արարատցեմենտի" աշխատակիցներին ։ Փաշինյանը հայտարարել է, որ շուտով գործարանը կանցնի պետական սեփականության, իսկ դրա կառավարիչը կնշանակվի նույն ընթացակարգով:
Նշենք, որ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող "Արարատցեմենտ" գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ձեռնարկության տարածքում ՝ պահանջելով վերսկսել գործարանի աշխատանքը՝ իրավապահ մարմինների կողմից իրականացված քննչական գործողություններից հետո:
Դեպքի վայրից հեռարձակվող հաղորդումների համաձայն, գործարանի մոտ հերթապահում են Հայաստանի ՆԳՆ Ոստիկանության բավականին մեծ թվով աշխատակիցներ։ Գործարանը պարապուրդի է մատնված 4-րդ օրը՝ հուլիսի 6-ին գործարանում իրականացված քննչական միջոցառումներից հետո։
Գործարանի հարյուրավոր աշխատակիցներ այսօր եկել են իրենց աշխատավայր ՝ պահանջելով վերսկսել գործարանի աշխատանքը։ Քաղաքացիները բողոքում են, որ գործարանի պարապուրդն իրենց անելանելի վիճակի մեջ է դնում, քանի որ շատերն ունեն վարկային պարտավորություններ, որոնք պետք է ամսական վճարեն: Ցուցարարների խոսքով ՝ շենքը կապարակնքված է, հաշվապահությունը փակ է, և աշխատավարձ ստանալու հույս չունեն:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, ինչպես նաև Multi Group կոնցեռնի մեջ մտնող ընկերությունների մեծ մասում: Քննչական գործողությունների ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել էր և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե: Նրան մեղադրանք է առաջադրվել առերևույթ խարդախության և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու համար: Ծառուկյանն՝ ինքը, հերքում է առաջադրված մեղադրանքները, նշելով, որ տեղի ունեցողը իշխանությունների քաղաքական դրդապատճառներով ճնշում է։
2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի գլխավորած "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը հավաքել է ձայների 3,9893% - ը։ Քանի որ կուսակցությունը չի կարողացել հաղթահարել օրենքով սահմանված 4 տոկոսի շեմը, այն չի անցել նոր գումարման Ազգային ժողով։ Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ ընտրությունները կեղծվել են և անցկացվել են բազմաթիվ խախտումներով: