
ԱրմԻնֆո. ՀՀ կառավարությունը հուլիսի 9-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանակման, օգտագործման, պահպանում և պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին:
Ինչպես նշվում է կառավարության որոշման նախագծում, փաստաթուղթը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 21-ին Աստանայում: Համաձայնագրի վավերացման դեպքում
Հայաստանն ու Ղազախստանը կփոխանակվեն գաղտնի տեղեկություններով, որոնք ստացվում են քաղաքական, ռազմական, տնտեսական, իրավական, գիտատեխնիկական կամ ցանկացած այլ համագործակցության շրջանակներում՝ լուծելով դրանց պաշտպանության և պահպանման հարցերը, ինչպես նաև այդ համագործակցության ընթացքում ստեղծված գաղտնի տեղեկությունների պաշտպանության և պահպանման հարցերը:
Համաձայնագիրը կարգավորում է նաև գաղտնի տեղեկությունների պաշտպանության և պահպանման ապահովման, գաղտնի տեղեկությունների փոխանցման, դրանց օգտագործման, լիազոր մարմինների փոխգործակցության և գաղտնի տեղեկությունների պաշտպանության և պահպանման պահանջների հնարավոր խախտումների դեպքում ձեռնարկվող գործողությունների հետ կապված հարաբերությունները:
Համաձայնագրի շրջանակներում դրա կատարման լիազոր մարմինը հայկական կողմից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ղազախական կողմից՝ Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեն:
Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին նկատվում է համագործակցության աճ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տարբեր ոլորտներում: ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 5-ի որոշմամբ հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հետախուզական-պաշտպանական և այլ ոլորտներում համագործակցությունը՝ հաշվի առնելով այդ ոլորտների առանձնահատկությունները, ենթադրում է գաղտնի տեղեկությունների փոխանակում, որը կարող է իրականացվել բացառապես վավերացված միջազգային համաձայնագրի հիման վրա: Այսպիսով, համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից կապահովի արդյունավետ և անխոչընդոտ համագործակցություն Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պաշտպանության և այլ ոլորտներում: